Թուրքիան շարունակում է մեծ ակտիվություն ցուցաբերել համաշխարհային դիվանագիտական խաղերում, ավելի կոնկրետ ամեն կերպ փորձում է խաղալ նաև Արևելյան Եվրոպայում: Իհարկե միամտություն կլիներ կարծել, թե Թուրքիան միայն նոր է ակտիվացել, Թուրքիան միշտ է ակտիվ եղել և մեզ համար սկսել է ավելի տեսանելի լինել անցյալ տարվանից սկսած, երբ հասկացանք, որ թուրքերը ոչ միայն պատմական թշնամի են, այլև իրական սպառնալիք:

Թուրքերը, որոնք բավական երկար ժամանակ է, ինչ տարածաշրջանում քայլ առ քայլ հետ են վերանվաճում իրենց կորցրած կայսերական ազդեցությունը, այս անգամ խրվել են Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների մեջ: Շատ չերկարացնելու համար ասեմ, որ Թուրքիայի և Հունգարիայի ներքին գործերի նախարարությունների միջև օրերս կնքվել է պայմանագիր, համաձայն որի շուտով թուրք ոստիկանները ծառայություն են իրականացնելու Հունգարիա-Սերբիա և Հունգարիա-Ռումինիա սահմանին։ Սա բավական հետաքրքիր և միաժամանակ բավական մտահոգիչ երևույթ է: Հատկապես հետաքրքիր է նրանով, որ 2021 թ․նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի ունեցած թուրքական պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովին բացի Թուրքիայից, Ադրբեջանից ու Միջին Ասիայի թուրքական պետություններից լիարժեք անդամի կարգավիճակով ներգրավված է նաև հենց նույն Հունգարիան, իսկ Ուկրաինան հանդես է եկել դիտորդի կարգավիճակով: Ինչպես վերը նշեցինք, Հունգարիան ու Թուրքիան բավական հետաքրքիր համագործակցություն են սկսել միմյանց հետ: Էլ ավելի ակնառու է այն, որ թուրք-հունգարական համագործակցությունն իրականացվելու է հստակ մատնանշված Սերբիայի և Ռումինիայի սահմանին:

Չենք մոռանում նաև այն փաստը, որ Վիշեգրադյան Քառյակ կոչված տնտեսական միությունը, որը համարվում է արհեստական ստեղծված փոքր Եվրամիություն, իր մեջ ներառում է նաև Հունգարիային: Այդ քառյակը, որի «կնքահայր» է համարվում Մեծ Բրիտանիան, նպատակ ունի նաև պայքարել ֆրանս-գերմանական ազդեցության դեմ: Սա առաջին անգամ է, որ Եվրոպայում «հավերժ հակառակորդներ» ֆրանսիացիներն ու գերմանացիները հստակ ձևավորում են համաեվրոպականության ավելի ամուր հիմքեր, իսկ Մեծ Բրիտանիան, ում արհամարհելը հանցանք է, կրկին դիմում է իր սիրած մեթոդին՝ ուրիշ ձեռքով կրակից շագանակ վարելու քաղաքականությանը:

Բրիտանական նավերը, եթե «չկարողացան» բարձրանալ հայկական լեռներ, հանգիստ կբարձրանան Չեռնոգորիայի գագաթները, եթե պետք լինի: Ցանկության հարց է: Եվ շահի:

Հենց այստեղ էլ կրկին բարձրանում է Թուրքիայի դերը, ով Վիշեգրադյան Քառյակի կամ Ռեչ-Պոսպոլիտա 2.0-ի անդամ Հունգարիային դարձնում է իր անձնական օգտագործման լծակը Բալկաններում: Թուրքիան, որը ամեն կերպ ցանկանում է վերադառնալ Բալկաններ և երազում է կրկին արշավել Տրանսիլվանիայով և Վալախիայով, համատեղ ոստիկանական ծառայություն է իրականացնելու ոչ ավել ոչ պակաս Սերբիայի սահմանին: Սերբիան, ինչպես հայտնի է թուրքական «Սև ցուցակում» առաջիններից մեկն է՝ մեզնից հետո իհարկե: Իսկ սերբերի և ալբանների, Բոսնիա-Հերցոգովինայի հարցերը դեռևս լուծված չեն: Չենք մոռանում, որ Թուրքիան դեռ Եվրոպային շանտաժ է անում ներգաղթյալների թեմայով և դեռ երկար է դա օգտագործելու: Իհարկե հիշում ենք նաև, որ հենց ներգաղթյալների թեմայով քիչ էր մնում պատերազմ սկսվի Լեհաստանի ու Լիտվայի և Բելառուսի միջև: Թուրքերը կույր չեն, շատ լավ տեսնում են ու հասկանում ամեն ինչ: Հիշեցնեմ, որ Հունգարիան հենց այն նույն Հունգարիան է, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, արտահանձնեց Ադրբեջան, որին էլ հերոսի կոչում տվին:

Քանի դեռ մենք այստեղ զբաղված ենք ոչնչով ու քաղաքապետի փոփոխությունը, ՏԻՄ ընտրությունները, որ վերածվել են տաք օջախների, համապետական հռհռոցի և սրամտությունների առիթ են տալիս, մեր թշնամին ոչ միայն չի պատրաստվում լքել մեր տարածաշրջանը, այլ ավելի է խորացնում իր արտաքին քաղաքականությունը՝ այն խրելով և՛ Անդրկովկաս, և՛ Արևելյան Եվրոպա, և՛ Մերձավոր Արևելք:

Չենք մոռանում նաև այն, որ թուրքական պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ համագումարում դիտորդ է եղել ոչ ավել ոչ պակաս Ուկրաինան: Ուկրաինայի հետ թուրք-ադրբեջանական շփումներն ավելի քան ջերմ են:

Գումարենք նաև այն, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ս. Սոյլուն մի քանի օր առաջ այցելել է Սիրիայի հյուսիսային այն շրջանները, որոնք 2018 թվականից ի վեր օկուպացված են թուրքական բանակի կողմից։ Այդ տարածքները օրենքով դեռևս շարունակում են լինել Սիրիայի սուվերեն տարածքը։ Սակայն այս հանգամանքը չի կաշկանդում Թուրքիային, որպեսզի վերջինս ոչ միայն շարունակի նվաճել նոր տարածքներ, այլև գրավված երկրամասերում ստեղծել ամբողջությամբ Թուրքիային ենթակա պետական միավորներ՝ հիմք նախապատրաստելով հետագայում դրանց՝ իր տարածքում ինտեգրելու համար։ Չկասկածեք, որ դա լինող բան է: Շատ լավ օրինակ է թեկուզ Կիպրոսի թուրքական մասը, որ թուրքերը ռազմական ուժով վերցրին ու հանգիստ տեղավորվել են այնտեղ:

Ի դեպ, Սիրիայի հարցով մենք բավական ուշացել ենք: Դեռևս արաբական գարնան առաջին օրերը պիտի մեզ համար ահազանգ լինեին, որ տարածաշրջանը վերափոխվում է անկասելի թափով, իսկ նույն ժամանակ Հայաստանը զբաղված էր խորհրդարանական ընտրություններով: Իսկ 2015թ., երբ թուրքերն ու ռուսները սկսեցին ծվատել Սիրիան, մեզ մոտ էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ պայքարն էր: Այդ երևույթները, որոնք պիտի մեզ համար հայտնության հարյուր հազար շեփորի դեր կատարեին, մնացին «Ձայն բարբառո հանապատի»:

Եթե փորձենք մի փոքր ավելի մասշտաբային նայել, ապա կնկատենք, որ թուրքերը, որոնք ցանկանում են դառնալ «Նոր Թուրանի արիացիներ», առայժմ շատ լավ օգտագործում են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունները, շատ լավ օգտվելով Ռուսաստանի ղրիմյան «արկածներից»: Եթե մի կողմ դնենք հայատառ ռուսական քարոզն առ այն, որ ռուսները ցանկանում էին դեմոկրատիա և ազատություն տալ Դոնեցկին և Լուգանսկին, ապա միջազգային մակարդակով բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Դոնեցկի ու Լուգանսկի աղմուկի ֆոնին ռուսներն իրականացրին Ղրիմի օպերացիան, իսկ թուրքերը շատ լավ խաղացին ուկրաինական նյարդերի վրա՝ օգտագործելով նրանց հակառուսական տրամադրությունները: Դա իհարկե չի խանգարում, որ թուրքերը նույն ակտիվությամբ գործեն նաև հիմա մեր տարածաշրջանում: Ռուսներն ու թուրքերը, որոնք իբրև թե հակառակորդներ են, միմյանց հետ հենակետեր են դրել, շատ լավ հասկանում և աշխատում են միմյանց հետ: Ի՞նչ ենք անելու մենք:

Ես շատ կարճ փորձեցի ամփոփել վերջին մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք իրենց հետևանքներն անպայման թողելու են և մեծ է հավանականությունը, որ մենք այդ ամենին էլի անպատրաստ ենք լինելու:

Սպասենք իրավիճակային փոփոխությունների նաև Արևելյան Եվրոպայում: Այնտեղ տեղի ունեցողը մեզ համար լինելու է շատ կարևոր:

Անտեղյակ մարդիկ կարող են հարցնել, թե մեզ ի՞նչ, եթե Թուրքիան Հունգարիայի հետ ինչ որ բաներ է անում, կամ Սիրիայից է տարածքներ պոկում: Ցավն էլ հենց այն է, որ այդ ամենն ուղղակիորեն վերաբերվում է մեզ: Եթե ոչ մի կապ էլ չուներ մեզ հետ, բավական է միայն այն, որ այդ ամենն անում է մեր թշնամին՝ Թուրքիան:

Արայիկ Մկրտումյան