Մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ լիարժեք հաղորդակցվելու Թուրքիայի հետ, այն Թուրքիայի, որի համար Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ խանգարող տարածք։ Ռեալ իրավիճակը հաշվի առնելով պետք է նշել, որ փակ սահմանը ևս երանելի բան չէ, և այո՛, պետք է շփվել հարևանի հետ, բայց հարկավոր է հաշվի առնել բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հավանական վտանգները: Հայ-թուրքական սահմանը հենց այնպես չէ, որ փակ է: Այն փոքր գժտության պատճառով չի փակ։ Կա խոշոր խնդիր, որի մասին բոլորս տեղյակ ենք, ուստի բացելը ևս պետք է համապատասխան լրջությամբ իրականացվի: Չունենալով այն, ինչին կհավատանք բոլոր հայերով, չունենալով «ազգային գաղափարախոսություն», չունենալով մերը՝ կշարունակենք վազել ուրիշի հետևից։ Եթե մենք ռուսանալու համար մեր ոտքը մեկ մետր ենք առաջ գցում ապա ամերիկացի, եվրոպացի դառնալու համար երեք և ավելի ենք գցելու։ Արդեն իսկ անում ենք: Եվ ողբերգություն է հայությունից հրաժարվելու այս իրողությունը: Ո՞րն է ավելի լավ՝ դառնալ ամերիկացի՞, թե՞ ռուս: Արդեն կարևոր էլ չէ կդառնանք ամերիկացի, ռուս, թե այլ բան։ Էականն այն է, որ ոչ հայ: Եվ մենք, փոխանակ մեր ինքնությունը ավելի պինդ պահելու, ըստ պահի հարմարության վերավաճառում ենք ռուսին, ամերիկացուն, եվրոպացուն: Արդյո՞ք 30 տարին բավական էր, որ մենք չմեծանայինք մեծախոս, աննպատակ, կեղծ, նյութական մոլուցքով չտառապող հասարակություն, կարողանայինք գնահատել բնությունը, տարբերեինք պետականն ու մասնավորը ոչ թե բառերով այլ էությամբ։ Մի՞թե քիչ էր 30 տարին, որ վերջապես ունենայինք մեկ ընդհանրականը, որ նույնիսկ իրար հետ անձամբ չշփվելով պայքարեինք մերը պահպանելու, մերը հզորացնելու համար։
Ո՛Չ, քիչ չէր լինի, եթե ունենայինք իսկական մտավորականներ, ու պետական դաստիրակությունը լիներ ոչ թե միֆերով, այլ իրական։ Մարդիկ մեղավոր չեն, որ այսպիսինն են: Նրանց այսպես են սովորեցրել, այսպիսինը դարձրել։ Եթե ունենայինք մտավորականություն ու 30 տարի այնքան մաքրեինք մեր հոգում կուտակված փոշին ու կեղտը, կհասկանայինք, թե ով ենք մենք, և դա էլ կլիներ այն ոսկին, որով կտարբերվեինք, կհզորանայինք և կունենայինք մեր գաղափարախոսությունը։
Մեզ համար հիմա ամեն ինչ զրոյից սկսելու իրավիճակ է. կարծես ամեն ինչ հօդս է ցնդել, ամեն ինչ մնացել է անտեր, ու եթե ի զորու լինենք պետություն մնալու, ու պիտի՛ մնանք, ապա ամեն ինչ պետք է անենք, որ մեր հետագա սերունդներին փոխանցենք լիարժեք անկախ պետություն, ինքզինքը ճանաչելու և հասկանալու, թե ով է հայը։