Ամանորի գիշերը, ինչպես հայտնի է անընդհատ կենացներ խմվեցին, որ նոր տարին լավը լինի, խաղաղություն լինի, առողջություն և այլն և այլն… Ինչպես հայտնի է խաղաղությունն ու առողջությունը մեր զարգացած դարում բավական դժվար ճարվող երևույթներ են: Լինել խաղաղ ու առողջ՝ շատ դժվար է ու հավանաբար հենց դրա համար է, որ հայերը կենացների ժամանակ առաջին հերթին նշում են խաղաղության մասին:

Բայց միթե՞ հնարավոր է խաղաղության հասնել կենացների միջոցով: Մենք համոզվեցինք, որ հնարավոր չէ, որ խաղաղությունը շատ խիստ տեր է: Խաղաղություն կարելի է ունենալ ուժով և այդ խաղաղությունը պարտադրել մյուսներին:

Հիմա տարին նոր է սկսվել: Արդեն անցել է առաջին տասնօրյակը: Եվ ի՞նչ ենք մենք արել տասը օրվա ընթացքում, որ մեր հայրենիքը ավելի լավը լինի, ավելի մաքուր մնա, ավելի ուժեղ լինի, ավելի հարուստ, ավելի առողջ, ավելի խաղաղ:

Վստահ չեմ թե մենք իրոք այս տասը օրը նվիրել ենք մեր հայրենիքին: Ցավոք, վստահ չեմ, որ մենք այս տասը օրն ապրել ենք այնպես, ինչի համար մենք մոտ տասը րոպե կենաց ենք ասել դեկտեմբերի 31-ի գիշերը:

Ժամանակը թանկ հաճույք է: Նա ով փորձում է կանգնեցնել ժամանակը, դուրս է մնում դրանից: Իսկ մենք ասես փորձում ենք ժամանակը կանգնեցնել: Մենք այնքան շռայլ ենք, որ սարսափելի պատերազմից հետո, երբ դեռ ոչինչ չենք վերականգնել, մենք մեզ թույլ ենք տալիս ամբողջ տասը օր ոչինչ չանել: Խոշոր հաշվով ոչինչ չենք արել:

Այս օրերին մեր ուշադրությունը կենտրոնացավ Ղազախստանի վրա: Մենք ավելի շատ զբաղված էինք ղազախների մասին մտածելով, քան՝ հայերի: Ավելի շատ քննարկվեց ՀԱՊԿ-ի կազմում ընդունված որոշումն առ այն, որ պետք է գնալ ու վերականգնել սահմանադրական կարգը Ղազախստանում, քան այն, որ Հայաստանում մեր տնտեսությունն այդպես էլ երկնիշ աճ չգրանցեց, որ առողջություններս ուղղակի չլավացավ, իսկ խաղաղությունն այն հանգստությունը չի տալիս, ինչ որ մենք սպասում ենք:

Ասում են ամեն օրը մարդու համար ևս մեկ շանս է, ևս մեկ հնարավորություն ինչ որ բան անելու և ուղղելու համար:

Իսկ այստեղ՝ Հայաստանում մենք մի քանի մլն ենք ու ունենք մեկ ամբողջ տարի: Միթե՞ մեկ ամբողջ տարում մի քանի մլն հոգով չենք կարող մեր կենացներից գոնե մեկը իրականություն դարձնել:

Մենք վատնել ենք տասը օր, բայց դեռ ունենք երեսուն անգամ ավելի շատ ժամանակ: Մենք դեռ 355 օր ունենք ինչ որ բան փոխելու, ինչ որ նորություն բերելու, ինչ որ բան կառուցելու համար:

Որովհետև անցած տասը օրում Հայաստանի տարբեր գյուղերում մարդիկ իրար էին ծեծում՝ գոռալով, որ հենց իրենք են գյուղապետը, կամ իրենց ուզած մարդը:

Զարմանալի է: Մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, մենք կորցրել ենք մի քանի հազար հայի, բայց շարունակում ենք իրար քիթ ջարդել գյուղապետի պաշտոնի համար:

Է՞լ ինչ ենք արել անցած տասը օրում:

Հրավառություն ու քեֆ: Իհարկե ոչ բոլորը: Բայց մեր մեջ եղան շատերը, որ այնքան անզուսպ էին, որ չմտածեցին, թե հարևան շքամուտքում ամանորն ավարտվել է դեռ 2020թ. պատերազմի ժամանակ:

Ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին, իսկ իշխանությունները՝ ընդդիմությանը: Մեղադրում են աշխարհի ամենածանր մեղքերում: Փոխզիջում չկա և չի էլ լինելու:

Եվ այսպես տասը օր:

Մենք այնքան շռայլորեն ենք վատնում մեր ժամանակը, ասես հնարավորություն ունենք ժամանակը շրջելու, անելու ինչ ցանկանանք ու միևնույն ժամանակ տանուլ ենք տալիս ամեն ինչ:

Անցնելու է ևս մի քանի ամիս ու ես վստահ եմ, որ մենք էլ ավելի բորբոքված խոսելու ենք ի հայտ եկած նոր խնդիրների մասին: Հնարավոր է որ մենք էլի ու էլի կորուստներ ունենանք: Ու էլի նայելու ենք իրար և կես զարմացած ու կես շփոթված նայելու ենք աջ ու ձախ: Եվ ում ենք մեղադրելու:

Մենք դեռ 355 օր ունենք մինչև նոր կենաց խմելը: Մենք ունենք 355 հնարավորություն այնպես, որ նոր կենացներ խմելու ժամանակ մենք նոր հաղթանակներ արձանագրենք, այլ ոչ թե մեր երազները մնան կենաց, այլ դառնան արդեն կատարված նպատակներ:

Եվ ոչ ոք թող չասի, որ բավարար չափով ժամանակ չկա: Մենք ունենք այն նույն ժամանակը, ինչ և մյուս բոլորը: Մենք պարտվեցինք ունենալով այն նույն ժամանակը, որն ադրբեջանցիներն օգտագործեցին հաղթելու համար:

Եվ հիմա մեր առջև նոր հաղթանակների 355 հնարավորություն ունենք:

Էդմոն Վարդանյան