1918 թ. հայկական պատվիրակությունը, որի կազմում էին Ալեքսանդր Խատիսյանը, Ավետիս Ահարոնյանը հանդիպում ունեցան Հայոց Ցեղասպանության կնքահայրեր Էնվեր-Թալեաթ-Ջեմալ եռյակի հետ՝ թուրքերի հետ հարաբերություններ ձևավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մի կողմ թողնենք պատմական բարդ տվյալները, այլ ուղղակի նշենք, որ ցեղասպանությունից ընդամենը երեք տարի և Մայիսյան Հերոսամարտերից 3 ամիս անց հայերը բանակցում էին գլխավոր հայասպանների հետ՝ հարաբերություններ ունենալու և Հայաստանի նորանկախ Հանրապետությանը շնչելու և ապրելու հնարավորություն տալու համար: Իսկ ի՞նչ անեին: Իրենց պահեին մեզ նման, ուղղակի հայհոյեին ու մի կո՞ղմ քաշվեին: Իսկ ինչպե՞ս էր դասավորվելու ՀՀ ճակատագիրը, երբ թեև պարտված, բայց Թուրքիան տարածաշրջանի տեր ու տիրականն էր, Քառյակ միությունը շարունակում էր իր գիշատիչ գործելաոճը, իսկ ՀՀ-ն միայնակ էր ու շրջապատված:

Ինչո՞ւ հիշեցի 1918 թ-ը: Այն պատճառով, որ հիմա երբ խոսք է գնում թուրքերի հետ հարաբերություններ վերականգնելու մասին, միանգամից բավական կեղտոտ և մանիպուլյատիվ, զգացմունքային հիմքով հակաքարոզչություն է գնում՝ «թուրքի հետ բանակցողը դավաճան է» տրամաբանությամբ:

Կարծում եմ մենք բոլորս տեսել ենք, թե ինչ հասցրեց մեզ երեսնամյա բլոկադա-հակաբլոկադա խաղը, երբ խոսեցինք միայն էմոցիայի ֆոնով ու ոչ մի կոնկրետ քայլ չարեցինք Հայաստանն ուժեղացնելու և այս հեռանկարից խուսափելու համար:

Այն մարդիկ ովքեր հիմա դավաճան են համարում թուրքերի հետ համագործակցող տրամաբանությանը, պատրա՞ստ են իրենց ուսերին վերցնել հետագայի ողջ բեռն ու պատասխանատվությունը: Այո՝, հենց պատասխանատվությունը, ոչ թե ուղղակի իշխանություն՝ փողային նվերներով ու բոնուսներով: Մենք արդեն տեսել ենք, թե 2018-ից առաջ ինչպես էին աշխատում ու ինչի հասան:

Հարկավոր է ճիշտ հասկանալ ասածս: Ես չեմ պնդում, որ թուրքերի հետ մենք հիանալի աշխատելու ենք, լինելու է ապահով, ուրախ ու երջանիկ, կամ բարեկամություն: Բայց ես նաև գիտեմ, որ դիվանագիտությունն ու քաղաքականությունը սառը և հաշվենկատ մի բան է, որտեղ խոսելուց և գործելուց առաջ մտածել, կշռել է պետք մաքսիմալ սառնասրտորեն:

Հասկանում եմ, երբ ասում են, որ մենք չեն կարող բանակցել մեր երեխային սպանողի հետ: Դա իրոք բարդ է ու անչափ ծանր: Անձամբ իմ համար ևս շատ ծանր է այն, որ թուրքերին մենք հիմա չենք կարող ստիպել, այլ ստիպված ենք բանակցել:

Հիմա մենք մի գերխնդիր ունենք՝ զարգանալ, հզորանալ, ուժեղանալ և նոր ու թարմ ուժերով պատրաստ լինել ապագային:

Կա՞ ինչ որ մարդ, ով Հայաստանի հզորացմանը դեմ է, կա՞ ինչ որ հայ, որ դեմ է, որ Հայաստանն ուժեղանա, հզորանա, դառնա գերշխող:

Վստահ եմ, որ ոչ: Այդ դեպքում հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի հզորացումը միայն երազանք չպիտի մնա: Այն պիտի ռեալիզացվի և դրա համար օգտագործել բոլոր մեթոդները, բացառապես բոլոր մեթոդները: Պետք է համագործակցել նույնիսկ թշնամու հետ, եթե Հայաստանի շահն այդ է պահանջում:

Մենք հիմա իրավունք չունենք մնալու նույն կիսակենդան դիվանագիտական մակարդակի վրա, մենք այլևս ժամանակ չունենք սխալվելու ու պարտվելու համար:

Իսկ հիմա վերադառնամ բանակցողներին: Տեղյակ ենք, որ թուրքերի կողմից բանակցելու է այսպես ասած իրենց «ամենալավ դիվանագետներից մեկը», իսկ մեր կողմից՝ Ռուբեն Ռուբինյանը: Եվ այստեղ մենք հանդիպեցինք բացառիկ անլրջության: «Դավաճանության» թեզի կողմնակիցները միանգամից սկսեցին վախեցնել մեզ, որ նրանց բանագնացը լավագույնն է, իսկ մեր բանագնացը՝ ոչնչություն: Հասկանալի է, որ Ռուբեն Ռուբինյանը էլի ժողովրդական լեզվով ասած «ամենալավը» չէ, չգիտեմ, բայց միթե՞ կարելի է նման կերպ նվաստացնել սեփական բանագնացին: Միթե՞ կարելի է նման կերպ ջուր լցնել թշնամու ջրաղացին: Կամ միթե՞ չգիտեն, որ Ռուբեն Ռուբինյանը չի բանակցելու իր անունից ու իր ցանկությունով, այլ ներկայացնելու է ՀՀ շահերն ու պահանջները, որտեղ աշխատում է, ըստ էության դիվանագիտական մի ամբողջ կորպուս։ Դա ևս պետք է հաշվի առնել: Կարծում եմ բոլորին էլ հասկանալի է այդ ամենը:

Իսկ ինչ վերաբերվում է թուրքերի հետ բանակցություններին, տնտեսական տարբեր մակարդակների հաստատմանը, ապա իրադարձությունների գրագետ վարման շնորհիվ կարելի է այնպես անել, որ հայ տնտեսվարողը չտուժի այդ ամենից: Որ հայ տնտեսվարողը չդառնա թուրքական շուկայի զոհն ու գերին: Հայաստանը կարող է շահել թուրքերի հետ տնտեսական հարաբերություններից՝ չստորադասելով հայ տնտեսվարողին:

Մի կողմ դրեք զգացմուքները, մի կողմ դրեք ժողովրդի հույզերի վրա խաղալը: Պետությունը կառավարում են սառը մտքով ու հաշվենկատությամբ, ոչ թե էմոցիաներով ու գոռգոռոցով:

Ինքնախաբեության պտուղները մենք քաղել ու շարունակում ենք ու շարունակելու ենք քաղել, եթե պետական լրջություն չունենանք:

Կարելի է, ամեն ինչ էլ կարելի ու հնարավոր է, միայն թե միասնական ջանք, կամք ու ցանկություն է պետք, ոչ թե սեփական շահերը ազգային էմոցիայի քողի տակ առաջ տանելու տրամաբանություն:

Արման Մարտիրոսյան