Այսօր առավել քան երբևէ մենք կանգնած ենք մեր պետության ու հայրենիքի կորստի իրական վտանգի առաջ: Այն ինչ կատարվեց վերջին տարիներին՝ մեր անմիաբանության ու նեղմտության արդյունք էր: Այսօր Արցախը հայաթափման մեծ վտանգի տակ է: Մենք այլևս ոչինչ չունենք զիջելու: Մենք այլևս չենք կարող մտածել, որ ևս մեկ դիրք, ևս մեկ գյուղ զիջելով մենք կարող ենք հեռացնել վերահաս աղետը: Աղետը, որ կար 1994թ. սկսած, երբ հաղթանակը վաճառվեց մեր անմիաբանության ու անձնական շահերի պատճառով: Աղետը, որ իր բարձակետին հասավ 2020թ. պատերազմի ժամանակ: Շատերը միամտորեն կարծեցին, որ շրջանների վերադարձով ադրբեջանցիները ձեռք կքաշեն մեզնից, որ խաղաղությունն ի վերջո կհաղթի: Բայց ոչ: Զիջել մեկ անգամ, նշանակում է զիջել հաջորդ ու անվերջ, մինչև էլ ոչինչ չի մնա զիջելու: Իսկ ի՞նչ կարող ենք անել այս օրերին: Որքան էլ որ զարմանալի է, մենք մի զենք ունենք: Մի հզոր ու անխորտակելի զենք՝ մեր միաբանություն, միասնությունը: Միաբան հայերին հաղթելն անհնար է: «Անկախության Սերունդը» դիմում է բոլոր հայերին՝ անկախ կուսակցական, քաղաքական, տնտեսական աշխարհահայացքից ու կարծիքից: Դիմում ենք բոլոր հայերին՝ ՀՀ նախագահից սկսած ու վերջացրած կուսակցություններով, ՍՊԸ-ներով, ԱՁ-ներով, ՀԿ-ներով: Մենք դիմում ենք բոլոր խմբերին ու բոլոր անհատներին: Դիմում ենք բոլոր հայերին: Մեզ կարող է ու կփրկի միայն ու միայն միաբանությունը, միասնությունը: Մենք պետք է մի կողմ թողնենք մեր բոլոր տարակարծությունները, վեճերը, անհամաձայնությունները, որովհետև վտանգի մեջ է հայրենիքը: Մենք պիտի հասկանանք, որ եթե Արցախը հայաթափվեց, այնտեղից դաշնակցականն ու հանրապետականը կամ իմքայլականը չի հեռանալու այլ հայը, եթե մենք կորցրինք Սյունիքը, ապա կորցնողը այս կամ այն կուսակցականը չի լինելու այլ հայը: Եթե մենք կորցրինք մեր պետականությունը, ապա կորչելու ենք ինքներս: Որովհետև դրսից մենք բոլորի համար հայ ենք: Թշնամու համար տարբերություն չկա դաշնակցական, իմքայլական, հարուստ, աղքատ, խելացի, հիմար: Կա հայ: Այդ մենք ենք մեր մեջ թշնամություն անում, մենք ենք միմյանց բաժանում սևի ու սպիտակի: Իսկ հիմա մենք այլևս իրարից նեղանալու ու քեն քշելու ժամանակ չունենք: Մենք պիտի միավորվենք: Ոչ մի թշնամի չի կարող կռվել մի քանի միլիոն մարդու դեմ, որոնց խոսքն ու գործը մեկ է: Աշխարհում ոչ ոք չի կարող հաղթել միասնությանը, մեր միասնությանը: Իսկ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է: Միայն այդպես: Մի կողմ թողեք աննպատակ ու անտեղի, դատարկ վեճերը: Մենք այժմ պիտի ապրենք ու աշխատենք միայն հանուն Հայասատանի: Մենք այսօր կարող ենք կորցնել և՛ հայրենիքը, և՛ պետությունը: Միավորվենք հանուն այն ամենի ինչ ունեցել ենք, կորցրել ենք, զգացել ենք, հավատացել ենք ու սիրել ենք: Վաղը մենք կկորցնենք ամեն ինչ: Միավորվե՛նք հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի: