Հայաստանում «Երկիր փրկելը» դարձել է առօրյա սովորական մի զբաղմունք: Հայաստանում գրեթե բոլորն ուզում են երկիր փրկեն (դա լավ է) ու առավելապես դա անում են խոսելով, դրա դիմաց լայքեր են հավաքում ու իրենք իրենցից բավական գոհ են մնում (դա արդեն վատ է)։
Հիմա ուզում եմ խոսել հետին թվով փրկիչներից մի կատեգորիայի՝ կուսակցությունների մասին: Բոլորս երևի հիշում ենք, թե ինչ կատաղի պայքար էին մղում միմյանց դեմ 2021թ. արտախորհրդարանական ընտրությունների ժամանակ: Քանի-քանի դաշինք կազմվեց ու բոլորն էլ հանդես էին գալիս ահեղ կոչերով, փքված ու ճռճռան բառերով:
Երևի շատերն են հիշում նաև այն, որ այդ կուսակցություններն ու դաշինքներն ամեն կերպ համոզում էին ժողովրդին, որ իրենց ընտրեն ու խոստանում էին, որ կլուծեն Արցախի հարցը, անվտանգային հարցը, գերիներին արագ հետ կբերեն: Այդպես էլ ոչ մի խելքին մոտ ծրագիր չտեսանք, առհասարակ ծրագիր չտեսանք։
Մի խոսքով առատորեն խոստանում էին:
Ու ի՞նչ: Ո՞ւր են կորել այդ դաշինքներն ու կուսակցությունները: Ո՞ւր են երկիրը փրկելու էդ խոստումներն ու ծրագրերը: Ընտրություններից հետո մի քիչ ցույցեր ու միանգամից մեծ մասը լռեց:
Այս քանի օրը, հայտնի դեպքերի հետևանքով նորից սկսվել են կոչերն ու հայհոյանքները, թե ինչ է պետք անել (ավելի ճիշտ ինչ պետք է չանել, ու էլի ոչ մի խելամիտ լուծում): Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր միանգամայն տրամաբանորեն նշում են այն առկա ու տեսական վտանգները, որ կան ու կարող են լինել այս կամ այն գործողություններն անելու կամ չանելու հետևանք: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հույսով են ցինիկային համեմունքներով համեմված հարցնում, թե արդյո՞ք «Փաշինյանը կդիմի Փաշինյանին»՝ ծաղրանքով հարցնելով, թե ինչու ՀԱՊԿ նախագահը այնպես չի անում, որ հենց նույն ՀԱՊԿ-ը գա և այստեղ լուծի հայկական հարցերը:
Երևի բոլորս էլ գիտենք, որ ՀԱՊԿ-ը չի գալու, ինչու չի գալու: Ու նաև բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ՀԱՊԿ-ում միայն մի երկիր կա հարց լուծող՝ Ռուսաստանը: Ու գիտենք նաև թե ինչու էդ հարց լուծողը ՀԱՊԿ-ով չէր լուծում Հայաստանի ու Ադրբեջանի հարցերը: Ու նաև Ռուսաստանը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իր դաշնակիցներն են ու Ռուաստանը Հայաստանի համար լավամարդ-վատամարդ չի դառնալու թուրքական աշխարհի հետ:
Ու էլի շարունակում են «հիացնել» այն կուսակցությունները, որոնք չարախնդում են ողջ ժողովրդի վրա՝ ասելով, թե բա ընտրեցիք, դե հիմա վայելեք:
Չես հասկանում. այս կուսակցություններն ուզում են հայոց պետականությանն օգնել, թե վնասել: Պետականամետ մարդը չի ասի, ընտրել եք, գնացեք ու կոտորվեք: Պետականամետ մարդը նաև կհասկանա, որ միջազգային իրադրություն ու նաև իրականություն կա, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը ստիպված էր մասնակցել ղազախական դեպքերին: Ու իրականություն է նաև այն, որ Հայաստանը միայնակ է, չունի բարեկամներ: Ծայրահեղ դեպքում ունի լավ տրամադրված երկրներ:
Իսկ մյուս բոլորը, եթե իրատեսական ծրագիր ունեն, ինչո՞ւ դրանք կյանքի չեն կոչում: Չէ որ ասում էին ընտրեք մեզ ու մենք կլուծենք այսինչ հարցերը: Այսինքն եթե իշխանություն չեք, ուրեմն պիտի մի կողմ քաշվեք ու ծիծաղե՞ք:
Մյուս կողմից չեմ կարող չասել, որ եթե իրոքից մի խելամիտ լուծում կամ լուծման փաթեթ է ներկայացվել ու իշխանությունները զուտ քաղաքական հակադարձության համար չեն էլ քննարկել, դա ևս տհաճ իրավիճակ է ու անընդունելի։
Ուզում եմ նաև հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ թակարդում խճճված էր, երբ դեռ 2010-ականների սկզբին Հայաստանին զոռով մտցրին նաև ԵԱՏՄ:
Տհաճ իրականություն է նաև այն, որ այս պահին Հայաստանը ՀԱՊԿ-ից չի կարող դուրս գալ, ինչքան էլ որ դա անդուր է հնչում: Բոլոր նրանք, ովքեր ասում են անմիջապես դուրս գալ ՀԱՊԿ-ից, հասկանո՞ւմ են, պատկերացնում են, թե ինչպես: Թե ասում են ասելու համար:
Մենք այդպես էլ հասարակական մակարդակով չենք կարողանում ուշքի գալ: Համընդհանուր շոկը դեռ իրեն շատ է զգացնել տալու և դրանից առաջին հերթին օգտվելու են իշխանության կռիվ տվողները, ում համար պետության վտանգավոր դրությունը միայն լավ առիթ է, սեփական հարցերն առաջ տանելու համար:
Լիահույս եմ, որ հայ խաղաղապահները անվնաս կվերադառնան Ղազախստանից: Իսկ մենք բոլորով պարտավոր ենք րոպե առաջ մտածել, թե ինչպես անվտանգ դարձնենք մե՛ր սահմանները:
Արման Մարտիրոսյան