Հայաստանում վերջին օրերին բավական տարօրինակ ու անսովոր լռություն է: Քաղաքական դաշտը, որ սովորաբար փոթորկվում է ամեն առիթով, հիմա լուռ է: Ու դա այն դեպքում, երբ Հայաստանի ոչ մի խնդիր դեռևս լուծում չի գտել:
Արցախի հարցը դեռևս լուծված չէ, ավելին՝ այդ հարցն ավելի է խճճվել ու բարդացել: Ճանապարհ թե միջանցք ասվածը դեռևս շատերի համար պարզ չէ և այդ հարցի շուրջ կատարվող պրովոկացիաները չեն դադարել: Ապաշրջափակման ու ապառազմականացման թեմաները ևս վերջացած չեն: Հարաբերություններ թուրքերի հետ…
Ամեն ինչ դեռևս նոր է սկսելու:
Ու հիմա, երբ Հայաստանն ուղղակի պիտի եռար լարվածությունից, երբ քաղաքական ուժերը պիտի արդեն տասն անգամ ամենաքիչը գծած լինեին ապագայի պլանները, որոշած լինեին, թե ինչ, որտեղ ու երբ … քաղաքական դաշտում մեռելային լռություն է:
Միակ աղմուկը, որ կա այս օրերին՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների շուրջ վիճաբանություններն են, ինչպես օրինակ Փարաքարում երկու գյուղապետերի թեման: Այդ չնչին հարցը վերածվեց տուրուդմբոցի, ծեծկռտուքի ու քաշքշուկների, հիմա էլ դատարան: Նույնիսկ ծիծաղելի է, որ հիմա, երբ կորցրել ենք Արցախի մեծ մասը և ամեն օր վտանգի տակ ենք նոր հողեր կորցնելու, չենք կարողանում մի գյուղապետի աթոռի շուրջ համաձայնության գալ:
Մյուս «աղմկալից» թեման իհարկե Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն էր, որ շատ արագ վերածվեց անձնական մակարդակի վիրավորանքների ու սրախոսությունների առիթ տվեց շատ շատերին:
Մնացած առումներով լռություն է: Բավական լարված ու բարկացնող լռություն: ՏԻՄ-ից հետո կուսակցությունները ալարկոտ եղանակով մի քիչ էլ հայհոյեցին միմյանց, անցան վնասները հաշվելու:
Մի քիչ բարդ է հասկանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում: Այն մեկ այնպես է եռում, որ քաղաքի կեսը փակվում է միտինգներից, մերթ քաղաքում այնպես հանդարտ վիճակ է, ասես քնի թագավորություն լինի:
Այս դեպքում հարց է առաջանում, թե որքանով են ՀՀ-ում կուսակցությունները հետաքրքրված կամ մտահոգված ազգային, պետական հարցերով: Ի՞նչ տրամաբանությամբ են նրանք աղմկում կամ լռում: Ո՞րն է նրանց գործողությունների շարժառիթը որպես քաղաքական ինստիտուտի ներկայացուցիչներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում հարյուրից ավել կուսակցություններ կան և նրանք պատկանում են տարբեր ուղղությունների, գոնե պիտի ինչ որ գաղափարական հակասության մեջ մտնեին միմյանց հետ: Եթե բոլորը սոցիալ-դեմոկրատ լինեին, կհասկանայի, որ վիճելու բան չկա, բայց չէ՞ որ Հայաստանի ոչ մի խնդիր դեռևս չի լուծվել և այդ ամենի ֆոնին տնտեսական բարդ ու ծանր վիճակն ավելի է սրում ընդհանուր իրավիճակը:
Գուցե այս ամենը ամանօրյա նախատոնական լռությո՞ւն է: Այդ դեպքում շատ ավելի վատ, որովհետև դա նշանակում է, որ կարելի է ամեն ինչ թողնել գնալ ուրախանալու՝ չգիտես ինչի վրա: Կամ էլ գուցե ՀՀ քաղաքական դաշտն այնքան լարված է, որ եթե մեկ օր անգամ գոռգոռացներ չկան, դա զարմա՞նք է առաջացնում:
Իսկ գուցե ՀՀ քաղաքական կուսակցություններն ուղղակի սպառվել են: Այս տարբերակն ըստ իս ավելի վտանգավոր է: Որովհետև ոչ մի տոն չի կարող ավելի կարևոր լինել քաղաքական կառույցի համար, քան ՀՀ խնդիրներն են: Իսկ այդ խնդիրները, պարոնա՛յք, դեռևս օդում կախված են:
Իսկ ինչի՞ սպասել մոտ ապագայում: Գուցե ամանօրյա տոներից կշտացած մենք բացենք աչքներս ու հանկարծ նկատենք, որ մեր թշնամիները ևս մի նոր ճնշում ունեն մեզ համար կամ նոր հաղթանակ են ուզում տանել մեր դեմ: Ի՞նչ ենք անելու: Նորից միտի՞նգ Երևանում: Չէ, որ բոլորի համար էլ պարզ է, որ այդ խնդիրները միտինգով չեն լուծվում:
Հայկական քաղաքական դաշտը վերածվել է մի էժանագին սերիալի, որի սցենարը պարզ է առաջին իսկ սերիայից, իսկ կերպարները համոզիչ չեն խաղում:
Ո՞ւր են մեր հարյուրից ավել կուսակցությունները: Մի՞թե ասելու ոչինչ չունեն:
Էդմոն Վարդանյան