Հայկական կինոարտադրությունն այսօր ողբալի վիճակում է: Հայկական սերիալների ճնշող մեծամասնությունն ուղղակի աղբ է: Հայաստանում արտադրվող ֆիլմերն այսօր մեծ մասամբ պարզունակ ու միանգամյա օգտագործման կոմեդիաներն են, իսկ սերիալներում որպես կանոն կիսատ-պռատ սիրային թեմա է՝ օծված քրեական պատմություններով, մարդասպանությամբ, դաժանությամբ և ցինիզմով: Կարելի էր հանդուրժել, եթե այդ ամենը լիներ ժանր: Աշխարհում հենց այդպես էլ անում են: Ֆիլմերն ու սերիալներն ունեն իրենց դասակարգումը, որտեղ նշվում է, թե տվյալ արտադրանքն ինչ ժանրի է պատկանում: Օրինակ ողջ աշխարհում ճանաչված «Ընկերներ» սերիալը՝ հումորային-ընտանեկան է, «Հանիբալը», «Դեքսթերը» կամ «Իսկական դեդեկտիվը»՝ քրեա-դեդեկտիվ, հոգեբանական, «Վայրի Արևմուտքի աշխարհը», «Մութը»՝ գիտաֆանտաստիկ-հոգեբանական, «Գահերի խաղը»՝ պատմական-ֆենթզի, «Միաբանության անկումը»՝ արկածային-պատմական, «Կաղամարի խաղը»՝ սոցիալ-հոգեբանական: Իսկ հայկական սերիալների ճնշող մեծամասնությունը որոշակի ժանր չունի, այն կարելի է համարել քրեա-ընտանեկան-ռոմատիկ-սոցիալական տրագիկոմեդիա, որտեղ ամեն ինչ իրար են խառնել ու ստացվել է մի տհաճ հիբրիդ: Ու իհարկե գովազդ, անվերջ գովազդ: Ամեն կադրում փորձում են խցկել հովանավորի ապրանքանիշը և այնքան գռեհիկ եղանակով, որ թվում է, թե սերիալը այդ ապրանքի մասին է: Հայկական սերիալն ընդամենը գովազդի ևս մեկ միջոց է: Ապրանքանիշը հովանավորում է սերիալը, որ այնտեղ ցույց տան իր ապրանքը, իսկ հեռուստաալիքը ցուցադրում է այդ ամենը փողի դիմաց: Ուրիշ ոչինչ:

Հայկական սերիալներում չկա գրագետ խոսք, չկան համոզիչ կերպարներ, չկա օրիգինալ սյուժե: Ամեն ինչ արվում է մակերեսային ու անորակ: Տեղեկատվական փոխանցումը վիզուալում զրո է, կա միայն կիսաժարգոնային-կիսաանգրագետ երկխոսություն, դերասանների խոսքը համոզիչ չէ, քննադատ-դիտողը չի հավատում դրանց, իսկ եթե հավատում էլ է, ապա ընդօրինակում է վատը, որովհետև այդ սերիալներում ու սիթքոմերում գրեթե ոչ մի լուսավոր արժեք չկա: Սիթքոմերում, որպես հումոր ներկայացվում է խաբեությունը, երկերեսանիությունը, գողությունը, ընտանեկան անհավատարմությունը, հարբեցողությունը, խաղամոլությունը: Այդ ամենը մատուցվում է սեռական-էրոտիկ ցածրամակարդակ շնչով:

Ի տարբերություն մեզ, թուրքերն այս առումով, մեծ, եթե չասենք հսկայական նվաճումներ ունեն:

Օրինակ ԱՄՆ-ում, Telemundo հեռուստաալիքով, անցյալ տարվա հուլիսից արդեն ցուցադրվում է թուրքական «Քամի» կոչվող ֆիլմը:

Ոչ մի առանձնահատուկ բան, եթե իհարկե չգիտես, թե խոսքն ինչի մասին է: Telemundo-ն նահանգներում երկրորդ խոշոր իսպանալեզու հեռուստաընկերությունն է: Telemundo-ն հանդիսանում է NBC-ի դուստր ձեռնարկությունը և ԱՄՆ-ում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը FOX-ից հետո:

Սերիալներ դիտող մարդիկ կհասկանան, թե խոսքն ինչի մասին է:

Թուրքերն աշխարհում առաջատար են իրենց սերիալներով: Իհարկե առայժմ ԱՄՆ-ին չեն հասնի, բայց այս դեպքում՝ առայժմ: Թուրքական սերիալներն աչքի են ընկնում իրենց բարձր որակով՝ թե տեխնիկապես, թե՛ սցենարով, թե՛ դերասանական խաղով: Ի դժբախտություն մեզ իհարկե: Թուրքերը վաղուց հրաժեշտ են տվել միագույն ու միատոն նկարահանմանը և սերիալային աշխարհում հասել են մեծ հաջողությունների: Այդ սերիալները միլիոնավոր դիտումներ ունեն աշխարհում, մրցանակներ են ստանում: Թուրքական սերիալները նաև հաճախ կրկնօրինակվում են, այսպես ասած՝ ադապտացվում:

Թուրքական սերիալները դիտում ու տարածում ունեն աշխարհի մոտ 150 երկրում և բացի մշակութային ազդեցությունից համարվում են հաջող ֆինանսական գործիքներ:

PanArmenian-ի տվյալներով 2008-ին թուրքական սերիալների արտահանման եկամուտը 10 միլիոն դոլար էր, 2012-ին՝ 10 անգամ ավելին: 2018-ին այս թիվը հասավ 350 միլիոն դոլարի: Ոչ պաշտոնական աղբյուրներով 2019 թ. թուրքական սերիալները միջազգային վարձույթում վաստակել են ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար: Համարձակ կանխատեսումներով 2023-ին եկամուտը կկազմի 1 միլիարդ դոլար: Ամենամեծ թվով սերիալները Թուրքիայից գնում է Չիլին, ամենաշատը վճարում են Մեքսիկան ու Արգենտինան: Իսկ եթե հաշվենք նաև այն, որ սերիալներ ու ֆիլմեր դիտում են նաև ստվերային եղանակով, այսպես ասած անօրինական, ապա այդ թիվն ավելի է մեծանում: Օրինակ ռուսական կայքերը, որոնցով հայաստանցիները ֆիլմեր ու սերիալներ են դիտում, 90 տոկոսով անօրինական են: Դրանք պաշտոնական ցուցանիշներ չեն գրանցում, այսինքն թուրքական սերիալների ու ֆիլմերի դիտումների թիվը շատ ավելի մեծ է:

Իրենց սերիալներով ու ֆիլմերով թուրքերը ոչ միայն գումար են աշխատում և զարգացնում իրենց կինոարտադրությունը, այլև մշակութային հզոր կառավարում են իրականացնում իրենց երկրում և հզոր քարոզ արտասահմանում: Օրինակ Ռուսաստանում թուրքական սերիալներն առանձնահատուկ տարածում ունեն: Թուրքական սերիալներում թուրքը ներկայացված է որպես հպարտանալու առիթ տվող երևույթ: Սերիալներում թուրքերն ազնիվ են, գեղեցիկ, համարձակ, քաջ, ունեն մարդկային բոլոր լավ հատկանիշները:

Թուրքական «Փառահեղ դար» սերիալը, որտեղ թուրքերն իրենք իրենց ներկայացրին ուղղակի նախանձելի գծերով, ունի համաշխարհային ճանաչում:

Ինչքան էլ մեզ համար տհաճ լինի, թուրքական սերիալները աշխարհում սիրում են: Աշխարհում միլիոնավոր մարդիկ Թուրքիան ու թուրքերին սիրում են այդ սերիալների շնորհիվ: Թուրքի կերպարը շատ տեղերում դառնում է համակրելի, նույնիսկ երազանքի նման մի բան: Մի քանի տարի առաջ թուրքերը նկարահանեցին նաև «1453» անունով ֆիլմը (Կոստանդնուպոլսի գրավումի և բյուզանդական կայսրության կործանման տարեթիվը) և այն ուղղակի հիացրեց բազմամիլիոնանոց Թուրքիային ու լուրջ պատմական ազդեցություն ունեցավ շատ երկրներում:

Թուրքերն այսօր աշխարհում իրականցնում են մշակութային լուրջ օպերացիա, որն առայժմ մեր գիտակցությանը չի հասել: Քանի դեռ մենք շարունակում ենք մեր հեռուստաեթերը լցնել անբովանդակ ու այլասերված, տափակ սերիալներով, թուրքերը համակրանք ու սեր են նվաճում ողջ աշխարհում:

Թուրքական սերիալներ, ի դեպ, շատ են սիրում նաև Հայաստանում:

Թուրքական սերիալները պետական հատուկ ուշադրության տակ են: Այն հեռուստաընկերությունները, որոնք գումարային խնդիրներ են ունենում, հայտնվում են պետական պաշտպանության տակ: Պետությունն առատորեն է վճարում, միայն թե հայտնվեն նոր սերիալներ, թուրքերի ազդեցությունն ապահովող նոր երևույթներ: Դերասանները հատուկ են ընտրվում, ռեպլիկներն ու ռեկվիզիտը անհատական մոտեցմամբ:

Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք: Անկախ Հայաստանում քանի՞ գեղարվեստական ֆիլմ կամ սերիալ էնկարահանվել ցեղասպանության կամ հայոց պատմության որևէ կարևոր դրվագի մասին: «Մայրիկը» նկարահանեել է Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան)՝ Ֆրանսիայում, «Խոստումը» նկարահանվել է Քըրք Քըրքորյանի ջանքերով՝ ոչ Հայաստանում, «Արամ» ֆիլմը նկարահանվել է սփյուռքահայերի ջանքերով, «Ձորի Միրոն» ու «Նահապետը», «Դավիթ Բեկը», «Մխիթար Սպարապետը» խորհրդային արտադրանք են: Թեկուզ և ռուսական շնչով, բայց ամեն դեպքում հայոց զորավարների մասին ֆիլմեր են: Այնտեղ մենք տեսնում ենք հզոր հայերի, որոնք քաջաբար պայքարում են թշնամու դեմ:

Իսկ ո՞ւր է ՀՀ-ն: Ո՞ւր է ՀՀ-ի ներդրումը: Ո՞րն է ՀՀ-ի ներդրումը: Բացի մի քանի փաստավավերագրականից, ոչինչ չեն պատրաստել: Ինչո՞ւ ֆիլմ չկա Ավարայրի, կամ Ակոռիի մասին: Ակոռիի մասին շատերը նույնիսկ չգիտեն: Չգիտեն, որ երեք հարյուր հայեր հաղթել են յոթ հազար պարսիկի: Իսկ ո՞վ գիտե: Հայոց պատմությունը պատմաբանի խաչն ու մենաշնո՞րհն է, թե ժողովրդի անցյալն ու հիշողությունը: Անկախ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել նորմալ ֆիլմ կամ սերիալ: «Հին արքաներ», «Գարեգին Նժդեհ», «Կյանք ու Կռիվ 1 և 2», «Մի վախեցիր»: Ահա ամբողջը:

Հայկական սերիալները հարվածում են մեր ինքնությանը, մշակույթին ու բարոյականությանը:

Արայիկ Մկրտումյան