Անկախության 100-ամյա ոդիսականը
1920 թվականի աշնանը թուրքական զորքերը հարձակվել էին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, որպեսզի հնարավորինս շատ տարածքներ պոկեին երկրից, քանի դեռ սովետական ոտքը չէր դրվել նաև կովկասյան այս պետության վրա։ Երբ Հայաստանի դրությունը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Խորհրդային Ռուսաստանը առաջարկեց Հայաստանի կառավարությունը կազմող Հայ Հեղափոխական Դաշնակցությանը վայր դնել լիազորությունները և իշխանությունը փոխանցել կոմունիստական կուսակցությանը։ Այն իրավիճակում, երբ քեմալական Թուրքիան հարվածներ էր հասցնում մեր հայրենիքին արևմտյան ճակատում, իսկ արևելքում ադրբեջանցիները կարմիր գլխարկներ հագած և կարմիր դրոշներ պարզած ցանկանում էին հայոց աշխարհի վերջին հատվածի վրա էլ իրենց տիրապետությունը հաստատել, Հայաստանի իշխանությունները մերժեցին կոմունիստների առաջարկը և շարունակեցին պայքարը։ Միայն 1920 թվականի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանյան համաձայնագրով Դաշնակցությունը իշխանությունը փոխանցեց կոմունիստներին Բայց այս քայլը ամենևին չի նշանակում հրաժարում սեփական հայրենիքի անկախությունից, քանի որ այն նույն մարդիկ, ովքեր գնացին փոխզիջման և համաձայնվեցին հայոց երկրի այդ փոքր հատվածում կարմիրբանակայինների վերահսկողությանը տրամադրել, տեղափոխվեցին Սյունիք, որտեղ մեկ այլ հերոս ամենևին էլ չէր հրաժարվում իր երկրի ողնաշարը հանդիսացող Սյունիքը հանձնել կարմիրներին։ Այդ մեծ հերոս Գարեգին Նժդեհը չէր հավատում ոչ մի պաշտոնյայի, լիներ ազգությամբ հայ, ռուս, թե թուրք կամ ադրբեջանցի։ Իր պայքարը սկսելով Խուստուփ լեռից ու կուռ և համակարգված ռազմավարություն մշակելուց հետո իր հայրենիքի արժանի զավակը ոչ միայն կարողացավ Նախիջևանից դեպի Սյունիք սողոսկած թուրքական խմբավորումներին ոչնչացնել, այլև արևելքից արդեն վեց ամիս ներխուժման փորձեր ձեռնարկող 11-րդ Կարմիր բանակին թույլ չտվեց ոտք դնել այդ հողի վրա։ Այն բանակը, որը հաղթահարել էր Խորհրդային Ռուսաստանի թշնամի համարվող գեներալ Դենիկինին, այն բանակը, որը ծնկի էր բերել երբեմնի անպարտելի Վրանգելին Ուկրաինայում, կես տարի չի կարողանում գրավել մի փոքր տարածք, որտեղ իր դեմ են մարտնչում, ըստ իրենց մոտեցումների ՝ ազգայնամոլներից բաղկացած մի քանի խմբավորումներ, այնինչ մարտնչողները տեղի բնակչությունը կազմող հասարակ գյուղացիներն էին։ Այդ հռչակելի 11-րդ Կարմիր բանակը իր առջև դրված հրամանը կատարել չկարողանալու և մի շարք պարտություններից հետո հայտնվել էր ինքնալուծարման եզրին։ Ինչո՞ւ ՀՅԴ-ն, չնայած երկրի ծայրահեղ ծանր վիճակին, հրաժարվեց իշխանությունը հանձնել կոմունիստներին։ Այս հարցին հաջորդում է մյուսը․ ինչպե՞ս ստացվեց, որ կոմունիստների կողմից քարոզվող «անպարտելի» Կարմիր բանակը պարտություններ էր կրում հասարակ գյուղացիների հուժկու հարվածներից։ Այս հարցերի ճշմարիտ պատասխանները հետագա տարիների ընթացքում խորհրդային պատմաբանների կողմից խեղաթյուրվել են։ Գաղտնիքն այն իրողության մեջ էր, որ Երևանում Դաշնակցությունը, իսկ Սյունիքում Նժդեհը կոչ էին անում կռվել խորհրդային բանակի դեմ և հաշվի չառնել, որ կոմունիստների գաղափարախոսության կենտրոնում բանվոր-գյուղացիական դասակարգն է և չտրվել նրանց հայացքներին, քանի որ իրենց դեմ պայքարում էր ոչ թե այդ գաղափարներին ենթակա կոմունիստը, այլ կոմունիստի անունով հանդես եկող թուրքը, որը ընդամենը իր բաշն է փոխել և կարմիր գլխարկ հագնելով ու բոլշևիկ ձևանալով ՝ իր նույն վաղեմի նպատակներն է հետապնդում։ Թուրքի նկատմամբ ատելությամբ լցված հենց այդ գաղափարի շուրջ ժողովուրդը հավաքվեց և չնայած սոցիալական բարդ իրավիճակին ու ռազմամթերքի խիստ սղությանը ՝ ազգովի ոտքի ելավ և երկու ճակատով կարողացավ դիմադրել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերին ՝ դրանով իսկ տապալելով նրանց մեծթուրանական երկարամյա մշակված ծրագիրը։ Երևանում գտնվող մեր հայրենակիցները և իշխանության գլուխ կանգնած Դաշնակցությունը հրաժարվեցին բոլշևիկների առաջարկից, քանի որ տեսնում էին, որ երկու կողմից հարձակվող զորքերը վաղուց բաժանել էին միմյանց միջև տարածաշրջանը և հիմա փորձում էին իրականացնել այդ պլանները։ Հասկանալով, որ փրկության այլընտրանք չկա, բոլոր հայերը, բարձրաստիճան պաշտոնյա, թե հասարակ գյուղացի, իրար թև ու թիկունք կանգնելով, դուրս եկան ընդդեմ թշնամու և կարողացան նրա անհագ ախորժակը փակել իրենց ծանր ու սթափեցնող հարվածներով։ Մի ճակատում Դրոն էր գլխավորում նրանց դեմ պայքարը, մյուսում ՝ Բեկ-Փիրումյան եղբայրները, հարավում ՝ Գարգեին Նժդեհը և գրեթե ամենուր անզիջում պայքար էր ընթանում ժողովրդի ու սպառազինված զորքի միջև։ Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչպիսի ճակատագրի որ արժանացավ 11-րդ Կարմիր բանակը իր պարտություններից հետո։ Անկախությունը Երևանում փոխանցվեց բոլշևիկներին, իսկ մոտ կես տարի անց նույնը տեղի ունեցավ նաև Զանգեզուրում միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները այլևս առաջ չշարժվեցին, իսկ քեմալականները նահանջեցին մինչև Արաքս, իսկ որ ամենակարևորն է, երբ բոլշևիկները համաձայնվեցին հայոց պետականությունը պահպանել այն սահմաններով, որոնք այժմ գոյություն ունեն։ Դրոն, Վրացյանը, Խատիսյանը, Նժդեհը և այլ ազգանվեր գործիչներ միայն այն ժամանակ համաձայնվեցին Հայաստանի կառավարական համակարգը փոխանցել բոլշևիկներին, երբ համոզվեցին, որ հայոց անկախությունը, նույնիսկ խորհրդային համակարգում իր արժեքը պահել է, որ հանուն հայոց անկախության պայքարի մասին լուրերը հասել են մինչև Մոսկվա, որտեղից բարձր է գնահատվել հայ ժողովրդի պայքարն ու բարձր ոգին։ Իզուր չէ, որ Նժդեհը խոստացավ ետ վերադառնալ հայրենի հող «այն ժամանակ, երբ Հայաստանում Երևանի փոխարեն սկսի կառավարել Բաքուն»։ Գրեթե նույն իրավիճակում է գտնվում նաև Հայաստանի երրորդ հանրապետությունը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, քանի որ դարձյալ երկու կողմից թուրք-ադրբեջանական խմբավորումները ճնշում են գործադրում հայ ժողովրդի վրա, կրկին հարցականի տակ են ուզում դնել պետության անկախության հարցը։ Մեր թշնամիները դարձյալ ցանկանում են մեզնից խլել այն անկախությունը, որի համար այնքան զրկանքների միջով անցավ հայ ժողովուրդը։ Մեզնից դեռևս 300 տարի առաջ հայոց զորավար Դավիթ Բեկը, ով նույնպես հայրենիքի անկախության վերականգնման նպատակով անուրանալի գործունեություն էր ծավալել, իր խոսքում դառնորեն նշել է․ «Մեր ժողովուրդը որքան ցավեր, զրկանքներ է տեսել, և դեռ որքան պիտի տեսնի։ Եվ մենք ինչով ենք հատուցում նրան, այդ հավատարիմ, քաջակորով, զոհաբերվելու կամովին պատրաստ այդ տառապյալին»։ Աշխարհում բազմաթիվ ժողովուրդներ են եղել, որոնք իրենց պայքարի միջոցով ձեռք են բերել պետական անկախություն, բայց ոչ բոլոր են կարողացել պահել այն։ Պատմությունը մեզ շատ դրվագներ է ցույց տալիս, որոնց ժամանակ նորանոր անկախություն ձեռք բերած երկրները գոյատևում են ընդամենը մի քանի տարի։ Անկախանալով բռնապետական մի համակարգից ՝ որոշ ժամանակ անց նրանք դառնում են մեկ այլ համակարգի կրողը և ենթական։ Նման իրավիճակներ են ստեղծվում մի պատճառով․ այդ ազգերի մոտ դեռևս չի զարգացել ընդամենը մի հասկացություն, որը կոչվում է անկախության արժեք։ Անկախություն ասելիս այդ ազգերը գրեթե ոչ մի զգացմունք չեն արտահայտել, միտքը չեն կարողացել ըմբռնել։ Նրանք չեն նկատել, որ այս մեկ բառակապակցության մեջ այնպիսի հավերժություն է թաքնված, որը մենք անվանում ենք գաղափար։ Գաղափարի շուրջ են հավաքվում մարդիկ, գաղափարով են ձևավորում իրենց ազգային ինքնությունը։ Աշխարհում ապրելու և անկախությունը պահպանելու նպատակն ու միջոցը հենց գաղափարն է․ երբ տվյալ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի հարցնեն, թե ինչի համար է պետք անկախություն, ինչով ենք տարբերվում մնացյալ ազգերից, նա կկարողանա առանց երկմտելու և երկարմտածելու ակնթարթային պատասխանել, ընկալելի կերպով բացատրել, թե ինչ նշանակություն ունի իր համար իր սեփական հայրենիքի անկախությունը, ինչ գին ունի այն և իր ազգի համար որն է անկախության արժեքը։