Անկախության պայքարն ու ընթացքը

  Անկախությունը՝ որպես եզրույթ, ունի շատ սահմանումներ։ Միջազգային իրավունքում պետության անկախությունը նույնականցվում է այլ պետությունների կողմից նրա ճանաչմամբ։ Քաղաքական տեսանկյունից այն համապատասխանում է սահմանադրական իրավունքի տարբեր սկզբունքներին և ինստիտուտներին։ Ընդհանրացնելով այս սահմանումները՝ կարող ենք ասել, որ անկախություն յուրաքանչյուր ազգ ստացել է իր ապագան ինքնուրույն կանխորոշելու, իր համար ճակատագրական որոշումներ կայացնելու ազատ իրավունքը իրականացնելու համար։ Պետք է նշել նաև, որ դարերի ընթացքում անկախություն եզրույթը իմաստային առումներով նաև մեծ փոփոխություններ է կրել, ուստի անկախություն ասելով պետք չէ կենտրոնանալ այսօր հասկացվող ստատուս-քվոն, քանի որ դարերի ընթացքում փոփոխվել է նաև պետություն երևույթի ընկալումները: Հայ ժողովրդի մոտ անկախ լինելու գաղափարը առաջացել է հազարամյակներ առաջ, երբ Հայկ Նահապետը որոշեց առանձնանալ Բելից և հիմնել անկախ պետականություն։ Սա նախատիպն էր անկախության մասին մեր ազգային պատկերացումների, որը տարիների ընթացքում փոփոխվեց և հասավ մեր օրեր։ Հայկից հետո ունեցանք առաջին պետական կազմավորումները, որոնք ազգի անկախության տեսանելի ու ֆորմալ մասն էին կազմում և ցույց էին տալիս այլ պետությունների, որ մենք անկախ ենք ոչ միայն մեր գաղափարներով, այլ՝ պետություն ունենալով։   Պատմության էջերը թերթելով՝ հայ ժողովրդի մոտ անկախության գաղափարը անընդհատ էվոլուցիա է ապրում։ Առաջին փուլում, ինչպես վերևում նշվեց, մեր ազգի հիմնադիրը (Հայկը) ձգտում էր կատարյալ անկախության՝ ազատվելով թշնամուց և իր ուժերով ստեղծել պետություն։ Այստեղ երևում է անկախությանը ձգտելու համար սեփական ուժին հույսը դնելու գաղափարը առանց օժանդակ ուժերի։ Եվ հատկանշական է այն, որ Հայկ Նահապետի կողմից ձեռնարկված գործողությունների ազտությունը և համապիտանիությունը լավ ցուցիչ են այն բանի, որ այդ անկախությունը սեփական ձեռբքերում էր: Հայկ Նահապետի հիմնադրած անկախությունը միջազգային ուժերի կողմից տրված համաձայնություն չէր, այլ հենված էր գաղափարական հիմքի վրա և պաշտպանված էր սեփական ռազմական ներուժով և սեփական տնտեսական համակարգով: Ավելին, Հայկ Նահապետը անկախության կերտման ճանապարհն անցել է միայնակ, նա դիվանագիտական և ռազմաքաղաքական դաշնակիցների չի որոնել այն նույն սկզբունքով, ինչպես որ այսօր է դա ընկալվում: Ընդ որում Հայկ Նահապետի դեմ ոչ թե պարզապես մի ջոկատ է ուղարկվել, որպեսզի ըմբոստ հրամանատարին կարգի բերեն, ինչն ընդունված էր հին աշխարհում, այլ ժամանել էր կանոնավոր արքայական զորք՝ կայսեր՝ Բելի գլխավորությամբ, ինչը խոսում է Հայկի կերպարի կայացածության և հայկական կողմի՝ պետական մասշտաբի հասնող ներուժով: Սա ևս մի գունեղ ցուցիչ է այն բանի, որ Հայկ Նահապետի կողմից ձեռք բերված անկախությունը սեփական գրագետ գործողությունների և համառ պայքարի արդյունք էր: Եվ եթե նույնիսկ հարցին նայենք առասպելաբանական տեսանկյունից, թե ինչպես է Խորենացին մեկնաբանում այդ իրադարձությունները, կարող ենք նշել, որ դեպքերը չափից ավելի կարևոր են եղել, քանի որ մնացել են սերունդների հիշողության մեջ, դարձել են դասական կերպար, ամրապնդվել են: Հատկապես հին աշխարհում և հատկապես այն ժամանակներում, երբ տեղեկատվության պահպանումն ու փոխանցումը շատ բարդ և դժվարին է եղել, վկայում է այն մասին, որ Հայկ Նահապետին վերագրվող գործունեությունը իր ժամանակի համար եղել է չափազանց ծանրակշիռ իրադարձություն:  Երկրորդ փուլը ընդգրկում է համադաշնությունների և թագավորությունների շրջանը։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ արդեն բավական առաջացած աշխարհում ցանկացած կայացած ժողովուրդ ռազմական պայքարը զուգակցում էր դիվանագիտական ընթացքում ու դաշնակցային դրսևորումներով: Վանի, Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների և Բագրատունիների թագավորությունների ժամանակաշրջանում անկախության հասնելու ճանապարհին հայ ժողովուրդը ապավինել է ժամանակի և օժանդակ ուժերի գործոներին։Օրինակ՝ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր՝ հող պատրաստելով Երվանդունիների արքայատոմի ստեղծմանը։ Սա հիանալի օրինակ է վերը նշվածները հաստատելու առումով: Արտաշեսյանների դինաստյան եկավ իշխանության Մագնեսիայի ճակատամարտում Մարաստանի պարտությունից հետո, երբ Մեծ Հայքի կառավարիչ Արտաշեսը օգտվեց ստեղծված իրավիճակից և հիմնեց իր արքայատոհմը։ Այսպես կարելի է խոսել մյուս թագավորություններ մասին՝ ինչպես ստեղծվեցին ու ինչպիսի զարգացում ունեցան, և ամբողջացնելով այս ամենը՝ կարելի է ասել, որ այս շրջանում անկախության գաղափարը հայ ժողովրդի մոտ արտահայտվեց՝ ստեղծված իրավիճակից և դաշնակիցների հաղթանակներից օգտվելով և ավելի կայանալով, որպես արդեն ավանդաբար պաշտպանվող արժեք:  Երրորդ փուլի մեջ է մտնում իշխանությունների շրջանը։ 591 թվականից հետո, երբ Հայաստանի մեծ մասն անցել է Բյուզանդիային, Հայաստանի կառավարիչները 5-6-րդ դարերում կոչվում էին Հայոց իշխան, Բարձր Հայքի կառավարիչը՝ Մեծ Հայքի իշխան։ Եվ այս շրջանում յուրաքանչյուր իշխան ձգտում էր ամրապնդել իր իշխանությունը՝ մեկուսանալով մյուսներից և միայն մտածելով իր իշխանության տակ գտնվող տարածքների զարգացման մասին։ Այս շրջանը բնորոշվում է անկախության ձգտելու և զարգացնելու ապակենտրոն գործունեությամբ, որտեղ յուրաքանչյուր իշխանություն գործում էր առանձին՝ առանց մեկ միասնական անկախ պետականություն ստեղծելու գաղափարի։ Սա չի կարելի համարել նահանջ անկախության գաղափարից: Ընթանում էր ֆեոդալական ժամանակաշրջանը, երբ ռազմաքաղաքական հիմնական իրադարձություննեերն առավելապես դրսևորվում էին ավելի լոկալ մասշտաբներով: Համաշխարհային տիրապետությունների փուլն ավարտվել էր, հաջորդը դեռ չէր սկսվել: Լոկալ տարածաշրջանային ելույթները անկախության գաղափարի համար դարձան ավելի խորացման ու արժևորման ժամանակափուլեր, երբ անկախությունը դարձավ ավելի շոշափելի և ավելի նախընտրելի: Անկախությունն արդեն ոչ միայն պետական, համընդհանուր սեփականություն էր, այլև լոկալ տարածքներում հասկացվող և գնահատվող արժեք:  Չորրորդ փուլը ընդգրկում է ուշ միջնադարը։ 15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը։ Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները, իսկ նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները  հետզհետե անկում էին ապրում։ Այս ժամանակաշրջանում անկախության հասնելու բոլոր ճանապարհները փակ էին հզոր թշնամիների առկայության, անընդհատ Հայաստանի տարածքում տեղի ունեցող պատերազմների և միավորող ուժ հանդիսացող իշխանական տների բացակայության պայմաններում։ Այս շրջանը կարելի է համարել հայկական անկախության ձգտելու հետընթացի փուլ։  Հինգերորդ փուլի մեջ է մտնում XVII դարի երկրորդ կեսերից սկսած ժամանակաշրջանը, որը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին և ներքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում։ Գտնվելով օտար տիրապետության տակ՝ պայքար էր գնում դավանափոխության և մշակույթի փոփոխության հարցում։ Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին։ Արտաքին նախադրյալներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում։ Գաղափարական առումով անկախության հասնելու գաղափարը գտնվում էր իր բարձրակետին, բայց դրա ի կատար ածումը կրկին հայ ազատագրության գործիչների համար դարձավ արտաքին ուժին ապավինելը, որը, ինչպես ցույց տվեց պատմությունը, մնաց միայն երազանք։