Անկախության գաղափարի զարգացումը

    Անկախության մասին խոսելիս նախ և առաջ հարկավոր է հասկանալ, ինչ է ընդհանրապես անկախությունը: Արդյո՞ք այն բացառապես ռազմական միջամտությամբ և միջազգային օրենքներով հաստատված ստատուս է, թե այդ տերմինն ունի այլ, շատ ավելի խորքային իմաստ և նշանակություն: Ամենից առաջ, անկախությունը որոշակի գործողությունների հետևանք է և որոշակի գործունեության արդյունք: Անկախությունն ինքն իրենով գոյություն ունեցող բարիք չէ: Այո՛, մարդն ազատ է իր բնույթով, բայց քաղաքակրթական առումով, հասարակությունների ու պետությունների գոյության պարագայում, անկախությունը ոչ միայն, ոչ թե պարզապես փիլիսոփայություն է, այլև գործնականում ձեռք բերվող արժեք: Այն հետևանք է գաղափարը խոսքից գործի վերածելու: Ընդ որում անկախություն ասվածը ոչ միայն անվանական և իրավական է, այլև հստակ արտահայտված ռազմական, տնտեսական, քաղաքական, ազգային ձեռքբերում: Հնարավոր չէ անկախություն, եթե այն պաշտպանված չէ ուժեղ տնտեսությամբ, որն էլ թույլ է տալիս ունենալ հզոր բանակ, համարձակ քաղաքականություն: Ավելին, տնտեսական հիմք ունեցող պետական անկախությունը հնարավորություն է տալիս ոչ միայն պայքարել ներկայում գոյություն ունեցող նպատակների իրականացման համար, այլև մշակել ապագայի տեսլական: Իսկ տնտեսական հիմքը պետք է ունենա նախ և առաջ գաղափարական հիմք: Հայոց պատմության տարբեր շրջանների ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ անվանական և իրական անկախությունները միմյանցից էապես տարբերվում են, քանի որ պատմական դեպքերի զարգացման արդյունքում եղել են և՛ անվանական, և՛ իրավական անկախություններ: Դրանցից ամեն մեկն իր հերթին պայմանավորված է եղել հնարավորությունների և պարտականությունների չափերով: Եթե փորձենք հասկանալ անկախության գաղափարի ձևավորումը և զարգացումը, ապա պիտի նշենք, որ պատմական ոչ բոլոր փուլերում է անկախությունն ընկալվել նույն կերպ, ինչպես և հիմա: Ժամանակին անկախությունը միայն իշխող վերնախավի մոնոպոլիան էր, որին անկախությունը պետք էր որպես գործիք, որը նա կիրառում էր իր շահերին համապատասխան, իսկ զանգվածները, որպես կանոն, դուրս էին մնում այդ ամենից, թեև շատ հաճախ իշխող վերնախավը փորձում էր այդ ամենը ներկայացնել որպես համընդհանուր շահի պայքար: Անկախության գաղափարի հարստացումը և զարգացումը գոնե հայկական լեռնաշխարհում տեղի ունեցավ ավելի ուշ, երբ արդեն կային պետական կազմավորումներ, որոնք բացի առանձին պետություն լինելուց, նաև մեկ ընդհանուր մշակութային ամբողջություն էին: Եվ սեփական ինքնուրույնությունը պահպանելը գնալով դառնում էր ավելի ու ավելի կենսական, ինչն էլ հանգեցրեց անկախության գաղափարի՝ համընդհանուր դառնալուն: Եթե մ.թ.ա. 1-ին հազարամյակում խոշոր հաշվով եմծ տարբերություն չկար, թե լեռնաշխարհի որ ցեղը գերակա կդառնա մյուսի նկատմամբ, ապա արդեն պետականությունների ժամանակ անկախությունը դարձել էր գոյության համար անհրաժեշտ կենսական գործիք: Քանի որ անկախության համար պայքարը նշանավորվում էր կորուստներով, այդ գաղափարն ավելի էր կարևորվում, քանի որ հանուն դրա բազմաթիվ կյանքեր էին զոհվում: Ցավով սրբացվող գաղափարն ի վերջո դառնում էր համընդհանուր սեփականություն և դրա բարձրակետը դարձավ հատկապես Եվրոպայում սկսված ազատական գաղափարների զարգացումը և սոցիալիզմի հաղթանակը: Եթե դրանից առաջ պետությունը ըստ էության թագավորի սեփականությունն էր, ապա սոցիալիզմի հաղթանակից հետո այն դարձավ ողջ հասարակության համընդհանուր արժեքը և բնականաբար հասարակությունը, եթե առաջ պատերազմելու էր գնում «հանուն Աստծո, կայսեր» և ապա նոր հայրենիքի, ապա հիմա արդեն պայքար սկսեց գնալ առաջին հերթին հայրենիքի համար: Հայրենիքը, պետությունը և անկախությունը միաձուլվեցին իրար որպես մեկ ազգի գաղափարական եռամիասնություն: Դրանով և՛ անկախության գաղափարը հարստացավ ու զարգացավ որպես հասկանալի և մեկնաբանելի իրողություն և հասարակությունները սկսեցին անկախություն ասվածը վերարժևորել որպես սեփական գործունեության ձեռքբերում:

Հայաստանի պարագայում անկախությունը և դրան միտված մեր գործողությունները ավելի սուր են արտահայտվում: Ելնելով աշխարհաքաղաքական իրադրություններից, դրանց ազդեցություններից, հայ ժողովրդի համար անկախությունը ոչ միայն գեղեցիկ տերմին է, ոչ միայն նախընտրելի ու միջազգային պայմանագրերով հաստատված ստատուս-քվո, այլև կենսական անհրաժեշտություն: Նախ ֆիզիկական գոյության պաշտպանության և ապա, այդ ֆիզիկական գոյությունը լիարժեք կենսագործունեություն դարձնելուն միտված հնարավորություն, քանի որ միայն անկախության պայմաններում է հնարավոր ժողովրդի նորմալ կյանքի կազմակերպումը: Հայոց պատմությունը հիանալի օրինակ է անկախության գաղափարի դիտարկման համար: Բազմադարյա պայքարի ընթացքում մենք ունեցել ենք անկախությանն ուղղված տարբեր հայացքներ և մոտեցումներ: Եղել են ինչպես դիվանագիտական(աղերսագրեր, դիմումներ, ծրագրեր, օգնության խնդրանքներ), այնպես էլ գաղափարական(Րաֆֆի, Մուրացան, Միքայել Նալբանդյան, Նժդեհ, Ասատրյան), ռազմական(ֆիդայական զինված ելույթներ): Տարբեր մոտեցումները տարբեր արդյունքներ են ապահովել: Դրանցից էր նաև 1918-21թ. ընթացքի Ողջ ռազմաքաղաքական պայքարը, 1980-90-ականները, 2020թ. պատերազմը: Իրադարձությունները պաշտոնապես տարբեր անվանումներ են կրել ու տարբեր պատճառներով հիմնավորվել, բայց այդ ամենն առաջին հերթին ապրելու, կյանքի համար մղվող պայքար է եղել: Այն ոչ միշտ է ցանկալի արդյունք տվել, բայց միշտ եղել է: Ի վերջո կարող ենք եզրակացնել, որ անկախության գաղափարը ոչ միայն ռազմադիվանագիտական կամ փիլիսոփայական-մտավորական ընթացք է, այլև տվյալ հասարակության ու ժողովրդի(այս դեպքում հայերի համար) էթնոմտածողություն, քանի որ անկախության համար մղվող պայքարը ի սկզբանե է եղել: Հայ ժողովուրդը, ի տարբերություն այսօր աշխարհում ապրող շատ ու շատ ժողովուրդների, որոնց առաջացման, զարգացման ընթացքը եղել է այլ խաղացողների կողմից իրականացված ծրագրեր կամ նրանք պարզապես առաջացել են արդեն իսկ մշակութային մեծ ավանդույթներ ունեցող որևէ տարածաշրջանում և ըստ էության դարձել են արդեն իսկ եղածի շարունակողներ կամ պահապաններ, հայ ժողովուրդն ինքն է հանդիսանում իր իսկ ստեղծողը: Հայերն իրենք են ստեղծել տարածաշրջանի քաղաքակրթությունը, իրենք են տարածաշրջանը դարձրել զարգացման ու կազմակերպման վայր, հայերն են այստեղ ստեղծել մարդկությանը: Հայկական լեռնաշխարհը հայերինն է ոչ միայն քաղաքական կամ ռազմական, տնտեսական առումով, այլ հայերինն է քաղաքակրթական սկզբունքով: Եվ այդ սկզբունքի համար կենսական է եղել ու է անկախությունը, որպես հիմք և անհրաժեշտոթյուն; Անկախության գաղափարը հայկական ինքնությունը խորհրդանշող գծերից է: