Հայաստանում թեև վաղուց գործում է Արևելագիտության ֆակուլտետը և վերջին տարիներից նաև Կովկասագիտության բաժինը, սակայն նշված կառույցները գտնվում են ոչ լիարժեք կարգավիճակում։ Նշված կառույցները պետք է դարձնել պետության ազգային անվտանգության կարևոր օղակներից, որտեղ կպատարաստվեն որակյալ կադրեր՝ ադրբեջանագետներ, թուրքագետներ, վրացագետներ և իրանագետներ։ Հայաստանը գտնվելով այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին է կովկասյան տարածաշրջանը պետք է իր ազգային անվտանգության օրակարգում դնի պետական մակարդակով հարևան երկրների լեզուների ուսուցումը։
Հարևան երկրների լեզուների տիրապետող մասնագետների առկայությունը ռազմավարական նշանակություն ունի։ Նման քաղաքականությունը շատ կարևոր է ոչ միայն պետության ազգային անվտանգության, արտաքին դիվանագիտական կառույցի տեսանկյունից, այլ նաև ավելի լավ ուսումնասիրելու և ճանաչելու հարևան երկրների լեզվամտածողությունը, մշակույթը, կենցաղը։
Հայաստանում նշված լեզուների իմացությունը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, լեզվին տիրապետելը թույլ կտա ավելի լավ ճանաչել լեզուն կրող ժողովրդին՝ ըստ արժանվույն հակահարված տալու վերջիններիս զեղծարարություններին և կեղծ քարոզչությանը:
Արցախյան վերջին պատերազմը հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում, հստակորեն ցույց տվեց հարևան երկրի լեզուն իմանալու ռազմավարական նշանակությունը։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը մեծ առավելությամբ օգտագործեց իր հայագետ մասնագետներին և հայալեզու կայքերը, կարողանալով սուտ տեղեկատվության միջոցով խուճապ տարածել հայ հասարակության ներսում։ Հստակորեն կարող ենք նշել, որ հայերենի ուսուցումն Ադրբեջանում գտնվում է բարձր և մեծ ֆինանսական վերահսկողության ներքո։ Ի սկզբանե Ադրբեջանի ներկայիս իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության հարցում մեծ նշանակություն են տվել մեդիա ոլորտին և այն ակտիվորեն օգտագործում են իրենց հակահայկական գործունեության մեջ: Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմի ջանքերն ուղղված են նաև հայկական տեղեկատվական սկզբնաղբյուրների հեղինակությունը նվազեցնելուն՝ միաժամանակ բարձրացնելով ադրբեջանական լրատվամիջոցների դերն ու «անաչառությունը»: Ադրբեջանական իշխանությունները նաև հակահայկական մեծ աշխատանք են տանում սփյուռքում, նշված քաղաքականության իրականացման համար օգտագործելով պետական հեռուստատեսությունը և ռադիոն։ Վերջիններիս նպատակն է հայալեզու լսարանին ցույց տալ «ճշմարտությունը» և «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ վարած զավթողական քաղաքականությունը»։
Ի տարբերություն, մյուս երկուսի վրացերենի և պարսկերենի իմացությունը կարևոր է նշված երկրների հետ բարեկամական հարաբերությունների սերտացման, երկու ժողովուրդների միջմշակութային ճանաչման համար։ Հատկանշական է, որ ի տարբերություն մյուս երկու երկրների այս երկու երկրներում գործող հայալեզու կայքերը նախատեսված են հենց այդտեղի հայկական համայնքի համար մատուցելով ոչ միայն տեղեկատվություն Հայաստանի վերաբերյալ, այլ նաև հնարավորություն ընձեռելով չմոռանալ մայրենի լեզուն։ Վրացերենի և պարսկերենի իմացությունը հնարավորություն է ընձեռում նաև պատրաստել որակյալ կադրեր դիվանագիտական կորպուսի համար, ինչի արդյունքում նշված երկրների հետ հարաբերություններն էլ ավելի դինամիկ աճ կարող են ունենալ։
Մարիամ Ռևազյան