Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում հայկական կողմի ամենամեծ սխալը «կարգավիճակապաշտությունն» էր։ Մեզ թվում էր, թե սևով սպիտակի վրա պետք է գրվի, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է․ այդպիսի ակնկալիք ունենալը, մեղմ ասած, կապ չուներ ռեալ-պոլիտիկի հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարում էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է արդեն, ՀՀ երրորդ նախագահը՝ մշտապես ասում, որ այն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Բայց բանակցություններում առավելագույնը, որին հասել էր հայկական կողմը, դա «միջանկյալ կարգավիճակի» ամրագրման հարցն էր․ ավելի պարզ ասած՝ ոչ՛ Ադրբեջանին, ոչ՛ Հայաստանին։ Այն էլ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին էր միայն, մնացած յոթ շրջանները, ընդ որում բոլոր փաստաթղթերում՝ անհապաղ պետք է վերադարձվեին Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին համաձայն։ Հիմա, մենք այդ «միջանկյալ կարգավիճակն» էլ չունենք։ Որովհետև եթե այդ կարգավիճակը իրավական առումով ամրագրված էր լինելու, Լեռնային Ղարաբաղում միջազգային խաղաղապահ ուժեր էին տեղակայվելու, անգամ՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հնարավորություն կունենային դիտորդի կարգավիճակ ունենալու ԵԱՀԿ-ում, օրինական կերպով ընտրել օրենսդիր և գործադիր մարմինների կազմը, հիմա կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։ Խոսք չկա նաև հնարավոր պլեբիսցիտի մասին։ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո տրված է Ռուսաստանին, բայց դե-յուրե շարունակում է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս։ Ու հիմա, ներկա իրողություններ պայմաններում, պետք է վերաձևակերպել ու բավարարվել հետևյալ բանաձևով․ «Ոչ թե Արցախը Հայաստան է և վեր՛ջ», այլ «Արցախը հայկական է և վե՛րջ»։
ԵՊՀ ուսանող՝ Արթուր Ադամյան Աղբյուրը՝ https://www.facebook.com/arthur.adamyan.999999/posts/1587428618270407