Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը կմնա «փոքրագույն ծրագիր» Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համար այնքան ժամանակ, քանի դեռ գլխավոր դերակատարները՝ տեղի և միջազգային, չորոշեն վերանայել իրենց ռազմավարական առաջնահերթությունները։

Երեք տասնամյակների ընթացքում չի փոխվել երկու բան։ Դրանցից մեկն այն է, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքի կարգավիճակի հարցը։ Սա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը, որի մեծամասնությունը հայեր էին, աննախադեպ որոշում ընդունեց 1988 թ․-ի փետրվարի 20-ին։ Որոշումը, որի քվեարկությունը Ղարաբաղի ադրբեջանցիները բոյկոտեցին, արտաhայտում էր «ԼՂԻՄ աշխատավորների ցանկությունը»՝ դիմելու ԽՍՀՄ Գերագույն խորհրդին և խնդրելու Մոսկվային, որպեսզի այն ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերի և ընդգրկի Խորհրդային Հայաստանի կազմում։ Այս որոշումը, որը դարձավ խորհրդային հանրապետությունների սահմաններին սպառնացող բազմաթիվ մարտահրավերներից առաջինը, նույն տարածքի նկատմամբ հայերի ու ադրբեջանցիների հավակնությունների հակամարտություն սանձազերծեց: Մի հակամարտություն, որը շատ փայլուն ուղեղներ եւ խոշոր տերություններ չկարողացան կարգավորել։

Երկրորդ անփոփոխ բնութագրիչն արտահայտված է 1988թ․ փետրվարի 20-ին որոշման տեքստում, և Կենտրոնին հասցեագրված կոչում։ Այն արտահայտում է Մոսկվայի առանձնահատուկ դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Երեսուն տարիների ընթացքում Մոսկվան եղել է անցանկալի միջնորդ և հզոր հարևան միաժամանակ լինելով անփոխարինելի ու անվստահելի դերակատար երկու կողմերի համար։ Շատ հայեր ու ադրբեջանցիներ մինչև օրս էլ հավատում են, որ Մոսկվան ետնաբեմից ղեկավարում է իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Սա ներելի պատրանք է երկու փոքր երկրների պարագայում։ Սակայն սա ավելի պակաս ներելի սխալ է արևմտյան որոշ մեկնաբանների համար, որոնք հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները միավորվում են մեկ զամբյուղի մեջ՝ չնկատելով առկա կարեւոր տարբերությունները: Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան, կամ ավելի ճիշտ Մոսկվայում որոշակի դերակատարներ, որոնք ինչ-որ պահի ավելի շատ ազդեցություն են ունեցել, շահարկել են հիմնախնդիրը, բայց միշտ թուլության դիրքերից:

Հակամարտության ընթացքում՝ 1991-1994 թթ․-ին, ռուսաստանյան տարբեր ուժեր աջակցել են հակամարտող երկու կողմերին էլ։ Մոսկվայում տարբեր ուժեր շարունակում են զբաղվել Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի լոբբինգով։

Այնուամենայնիվ, այս երեսուն տարիների ընթացքում հայերն ու ադրբեջանցիները, որոնց համար Ղարաբաղը համարվում է ազգային թիվ մեկ առաջնահերթություն, այլ ոչ թե սոսկ արտաքին քաղաքականության հարցերից որևէ մեկը, մշտապես որոշել են հակամարտության բնույթը։

Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամանակ հակամարտության նկատմամբ ռուսաստանյան քաղաքականությունը դարձավ շատ ավելի պահպանողական։ Որպես նախագահ՝ Պուտինի առաջին քայլերից մեկը եղավ աշխատանքը ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք չափազանց վատն էին Բորիս Ելցինի պաշտոնավարման ժամանակ։ Պուտինը մշտապես մատնանշել է, որ կարեւորում է երկկողմ հավասար հարաբերությունները և՛ Բաքվի, և՛ Երեւանի հետ և մտադրված չէ պատասխանատվություն ստանձնել Ղարաբաղյան հակամարտության համար։

2004 թ․-ին Պուտինն ասել է․ «Մենք չենք կարող պատասխանատվությունը մեզ վրա վերցնել և ներքաշվել այս հակամարտության մեջ, որը կարող է շարունակվել երկար տարիներ»։ 2010 թ․-ին նա հայտարարել է․ «Մենք չենք կարող կողմերին որոշում պարտադրել եւ չենք կարող ճնշում գործադրել նրանց վրա»։ Իրականում, Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է․ «Մենք ցանկանում ենք տեսնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հատկապես եթե այն կարող է պահպանել կամ մեծացնել տարածաշրջանում ռուսական ազդեցությունը, բայց մենք չենք փորձելու լուծում պարտադրել, քանի որ դա միայն կվնասի մեր հարաբերությունները Բաքվի և Երեւանի հետ»։ Այդ դիրքորոշումը նշանակում է, որ Մոսկվան կարող է շարունակել խոստումներ տալ երկու կողմերին և անգամ միլիոններ աշխատել երկուսին էլ զենք վաճառելով, որը կողմերն ուղղելու են միմյանց դեմ։

Տիգրան Սիմոնյան