Մեր պետականության մեծագույն աղետներից մեկը կարելի է համարել իշխանությունների ու ժողովրդի միջև ընթացող անվերջանալի պայքարը։ Հայաստանի Հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում այս խնդիրը այդպես էլ չհաջողվեց լուծել։ Հայստանում իշխանության եկած բոլոր քաղաքական ուժերը շատ արագ մեկուսացել ու օտարացել են պետությունից ու ժողովրդից։ Նրանք երբեք շահագրգռված չեն եղել պետության առաջ ծառացած խնդիրների լուծմամբ և առավելապես առաջնորդվել են իրենց նեղ կուսակցական շահերով։ Ժողովուրդը՝ հատկապես նրա ակտիվ հատվածը իշխանության համար միշտ եղել է խոչընդոտ՝ ըստ այդմ ցանկցած հասարակական ակտիվություն ունեցել է վերահսկելի ու ղեկավարվող բնույթ։ Ժողովուրդն իր հերթին պետության նկատմամբ միշտ ունեցել է մեծ պահանջներ, բայց սեփական պետության ու հասարակության նկատմամբ երբեք պատասխանատվության զգացողություն չի ունեցել։ Միջին վիճակագրական հայի ընկալումներում իր պարտականությունները պետության նկատմամբ ավարտվում են ընտրություններում նախընտրելի կուսակցության օգտին քվեարկելով, իսկ հասարակական ոլորտում հայը միշտ աչքի է ընկել բացառիկ էգոիզմով։ Հայաստանում իշխանությունն ու ժողովուրդը գտնվում են անվերջանալի հակամարտության մեջ։ Այս հակամարտությունը չի հանգուցալուծվում, որովհետև երկու կողմերի միջև չկա միջնորդ հաշտարար ուժ՝ ի դեմս մտավորականության։ Հայաստանում չկա ձևավորված ինտելեկտուալ խավ, որը կարող էր բոլորիս մեկ միասնական գաղափարի շորջ համախմբել։ Արդյունքում մենք ունենք դանդաղ, բայց հստակ քայլերով փլուզվող հայկական պետականություն։ Հասարակական ու պետական ինստիտուտները գլխավորապես ձևական բնույթ են կրում, պետության ներսում կատարվող իրադրաձությունների մասին տեղեկատվությունը փոխանցվում է խիստ աղավաղված՝ առավելապես բամբասանքի տեսքով։ Իշխանության կողմից կատարած ցանկցած անորոշ, կամ երկիմաստ գործողություն՝ անխուսափելիորեն հանգեցնում է հասարակության շրջանում մեծ ջղաձգումների։ Մեր խնդիրները անշուշտ շատ վաղուց են սկսվել՝ առանց չափազանցնելու դարեր առաջ, բայց ցավալի է, որ այսքան աղետների միջով անցնելուց հետո մենք այդպես էլ չենք հասկանում սեփական պետություն ունենալու կարևորությունը։

Վահան Վարդանյան