Ինչպես հայտնի է 1997թ.-ի օգոստոսի 29-ին ՌԴ և ՀՀ-ի միջև կնքվել է բարեկամության, համագործակցության, օգնության մասին պայմանագիր:
Ի՞նչ է իրենից ենթադրում սույն պայմանագրի ռազմական կողմը՝ ՀՀ անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնալու դեպքում ՌԴ-ը պարտավոր է ռազմական օգնություն ցուցաբերել և հակառակը: Այսինքն Ռուսաստանը համարվում է մեր գլխավոր դաշնակիցը, նա՝ ով պետք է լիներ կամ լինի մեր կողքը: Ի՞նչ ենք մենք հիմա տեսնում՝ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի հարձակումներ
ՀՀ սուվերեն տարածքի վրա, սպառնալիքներ և մեր գլխավոր դաշնակցի տարօրինակ պահվածքը: Այսինքն մեր սպասելիքները և տեղի ունեցող գործողությունները անհամապատասխան են:
Կար ժամանակ, երբ հայ հասարակությունը հավատում ու վստահում էր Ռուսաստանին իր անվտանգության ապահովման գործում. եթե չլինի Ռուսաստանը՝ չի լինի Հայաստանը: Պուտինի առավելությունն ավելի ակնառու էր, առանց Ռուսաստան կյանք չկա և այլն:
Ի՞նչ է տեղի ունենում հիմա. Ռուսաստանի հանդեպ հասարակության հակակրանքը կտրուկ աճել է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որից ամենակարևորը 44 օրյա պատերազմն էր և մինչև այս պահը: Օրինակ՝ մեր հասարակության մի զգալի մասը համարում էր, որ մեր պարտության պատճառներից մեկը Ռուսաստանի վարած հակահայ քաղաքականությունն էր, Կրեմլի համար՝ Ադրբեջանն ու Հայաստանը նույն հարթության վրա են, որոշ դեպքերում էլ մենք զիջում ենք(դրա մասին բազմիցս խոսվել է), այսինքն դաշնակից բառը մնում է զուտ բառ և ոչ թե պարտականություն: Ռուսաստանի հանդեպ հակակրանքի ալիքի բարձրացումը հետևանք նոր պետությունների հանդեպ համակրանքի: Հասարակությունը հիմնականում կենտրոնացել է արևմուտքի վրա, այն մտածումով,որ Ռուսաստանին կարող է փոխարինել Ամերիկան կամ Ֆրանսիան, պայմանավորված նրանց հայամետ և ականջահաճո հայտարարություններով:
Որքան էլ, որ հասարակության զգալի մասը Հայաստանի փրկությունը տեսնում է այլ պետությունների մեջ, լինի դա ընդունելի կամ ոչ, պետք է հասկանանք և շարժվենք միայն այն համոզմամբ, որ Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, պաշտպանության միակ երաշխավորը ՀՀ բանակն է, ոչ թե մի դաշնակից, որն այդքան էլ դաշնակից չէ, կամ արևմուտքը, որից երաշխիքներ չունես:
Արման Մարտիրոսյան