2020թ. նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո ՀՀ-ի որդեգրած կառուցողական մոտեցումները ոչ մի դրական հետևանքի չեն հանգեցնում: Չնայած նրան, որ տեղի է ունեցել ծայրահեղ ծանր պատերազմ, հազարավոր զոհեր ու տարածքային մեծ կորուստ, ՀՀ-ն, գիտակցելով, որ խաղաղությունը անչափ կարևոր է, փորձեց մտնել բանակցությունների դաշտ և ամեն կերպ տարածաշրջանում խաղաղություն բերել: Բայց…հանդիպեցինք ադրբեջանական էլ ավելի լկտի պահվածքին:

Նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիները ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ ու մտնել բանակցությունների, խաղաղության հաստատման սկզբունքի մեջ: Ադրբեջանցիները ոչ միայն չեն հարգում իրենց իսկ ստորագրությունները, այլև թքած ունեն մի ողջ ժողովրդի ապրելու իրավունքի վրա: Նոյեմբերի 9-ից հետո անընդհատ տեղի են ունենում սրացումներ, սահմանային բախումներ, ՀՀ տարածք ներխուժում, դիրքերի վերցնում, անասունների գողություն, խոտհարքների հրդեհում, քաղաքացիական անձանց ահաբեկում և տարածքային նոր պահանջներ: Ադրբեջանական ախորժակը ոչ մի կերպ գոհացնել չի լինում և ՀՀ բարյացակամ ու կառուցողական վերաբերմունքն արդեն ընդունվում է որպես ծայրահեղ թուլություն: Դա անթույլատրելի՛ է:

Հանուն ինչի՞ են զոհվել մեր հազարավոր եղբայրները: Ի՞նչ տվեց մեզ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ զոհերից ու կորուստներից բացի: Այո՛, ծայրահեղ վատ վիճակում ՀՀ-ն փորձում է ամեն կերպ պահպանել խաղաղությունը, բայց այն ինչ կատարվում է, արդեն դուրս է բոլոր տեսակի տրամաբանություններից, բոլոր տեսակի հասկացություններից ու պատկերացումներից: Ադրբեջանական լկտիությունն արդեն անցնում է բոլոր սահմանները: Խաղաղության ու սթափության մեկնված մեր ձեռքին միայն հարվածում են: Ինչ վերաբերվում է մեր, այսպես կոչված դաշնակիցներին, նրանք գոյություն չունեն, գոյություն չունի նաև միջազգային հանրությունը: Կա միայն ամեն կողմից խեղդված հայ ազգ, որին ամեն կերպ փորձում են ոչնչացնել, սպանել, խորտակել:

Ռուսաստանը այլևս չունի այն վերահսկողությունը Կովկասում ինչ ունեցել է միշտ, այժմ Կովկասում նոր խաղացող է հայտնվել և Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել նրա հետ: Հետևաբար պետք է հասկանալ, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը որոնք ևս միշտ հետաքրքրված են եղել տարածաշրջանում իրենց դերի մեծացմամբ, այլևս չեն կարող և չեն անի այն գործողությունները, որ ակնկալում է հայկական կողմը: Հայաստանն էլի միայնակ է, ինչպես միշտ և միակ հույսը իր զինվորներն են, իր ժողովուրդը: Ոչ միջազգային հանրությունը, և ոչ ոք ոչինչ չի անելու: Նոր ԱԽ-ն հայտարարեց, որ պաշտոնական Երևանը դիմել է Մոսկվային՝ կոչով կատարելու 1997թ. դաշնակցային պարտավորությունները: Անիմաստ ենք համարում, որ դա չի լինի: Ռուսական օգնությունը Հայաստանին կարող է լինել միայն խոսքով և ուրիշ ոչինչ: Հիմա, հենց հիմա ազգ-բանակ թեզի հաստատման ժամն է: Այժմ մենք պիտի ապացուցենք, որ Հայաստանում հայերն են որոշումներ ընդունում և հիմա մենք կամ մինչև արյան վերջին կաթիլը պայքարում ենք՝ թքելով բոլոր պայմանագրերի ու ձևակերպումների վրա, կամ վերանում ենք որպես ազգ ու պետություն:

Բոլորը հիմա պարտավոր են մի կողմ դնել իրենց քաղաքական կամ կուսակցական տարաձայնությունները: Ամեն ներքին վեճը ուղղակի աջակցություն է թուրքին և հարված Հայաստանին: Միասնություն և պայքար:

Արտակ Մելիքյան