Այս օրերին Հայաստանում ընթանում է ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը: Այդ Ժողովն է որոշում ՀՅԴ առաջիկա տարիների աշխատանքը, քաղաքական կուրսը: Եվ մենք կցանկանայինք այնքան լավատես լինել՝ հավատալու համար, որ այս Ընդհանուր Ժողովն իրոք ինչ որ էական նշանակություն կունենար, այսինքն վերարժեվորեր նախորդ տարիները, իրական ու սթափ գնահատական տար տեղի ունեցած իրադարձություններին, ընդգծեր սխալներն ու ի վիճակի լիներ անցյալին սթափ նայելով՝ սթափ նայեր նաև ապագային: Այս Ընդհանուր Ժողովի մասին առաջին հերթին կարող ենք ասել այն, որ այնտեղ քննարկվող ամենից կարևոր հարցը Ռոբերտ Քոչարյանն ու նրա՝ ՀՅԴ վրա ունեցած ազդեցությունն է: ՀՅԴ-ում խորապես մտահոգված և անհանգստացած են, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ըստ էության որոշում է ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև նրա մաս կազմող ՀՅԴ արտաքին քաղաքական կուրսն ու ղեկավարում գործողությունները: Սա հասկանում են ոչ միայն կողքից նայող ու գնահատող մարդիկ, այլև հենց իրենք՝ դաշնակցականները: Եթե մինչ այս ՀՅԴ-ն ունեցել է գլխավորապես քաղաքական խնդիրներ, այսօր ավելացել է նաև ներկազմակերպական լրջագույն խնդիրը: Այդ խնդիրները հետևանք են ՀՅԴ և Ռոբերտ Քոչարյան համատեղ աշխատանքների: Քոչարյանն է որոշում, թե ՀՅԴ-ն ինչ պահվածք և վերաբերմունք դրսևորի այս կամ այն հարցի նկատմամբ: Մենք այդ մասին ահազանգել ենք դեռևս 2019թ. երբ արդեն իսկ նկատելի էին ՀՅԴ-Քոչարյան կապերի աշխուժացումը: Բազմիցս կուսակցության ներսում բարձրացրել ենք այդ հարցը, բայց մշտապես ստացել ենք հաստատուն պատասխան առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու ցանկություն և օրակարգ չկա: Ինչպես տեսնում ենք այսօր, ՀՅԴ-ն ոչ թե համագործակցում է Ռ. Քոչարյանի հետ, այլև՝ ենթարկվում նրան: Ամենից ակառուն իհարկե այն է, որ դեռևս 3 տարի առաջ այն մարդիկ, ովքեր մեզ հետ ունեցած զրույցներում բազմիցս հայտարարել են, որ հնին վերադարձ չի լինելու, որ այդ էջը մեկընդմիշտ փակված է, այսօր իրենք են ներքին կարգով ահազանգում, որ Քոչարյանի հետ համագործակցությունը բերել է ՀՅԴ ինքնուրույնության կորստի: Այսօր նրանցից շատերն արդեն իսկ ներքին վեճերի ու անհամաձայնությունների մեջ են, որը սակայն խնամքով թաքցվում է, քանի որ ՀՅԴ անդամները սիրում են կրկնել, որ «դաշնակցականը կարող է սխալվել, իսկ ՀՅԴ-ն՝ ոչ»: Այս դեպքում հարց է առաջանում, որ եթե դաշնակցականները սխալվեն, ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ն չսխալվել, չէ որ ՀՅԴ-ն դաշնակցականներն են, իսկ նրանք կարող են և սխալվել: Միայն այդ կեցվածքն արդեն հույս չի ներշնչում, որ այս Ընդհանուր Ժողովը ոչ թե սթափ ու անաչառ կդիտարկի իր վերջին տարիների գործունեությունը, այլ ցավով հավաստիանում ենք, որ այս Ընդհանուր Ժողովն ավելի շատ կոչված է թաքցնելու, արդարացնելու, համոզելու և ստիպելու, որ ամեն ինչ լավ է, որ ՀՅԴ-ն ամեն ինչ ճիշտ է արել և անում: Այն խնդիրները որ մենք պարբերաբար բարձրացրինք 2018, 2019 թվականներին, ոչ միայն լրջորեն չքննարկվեցին, այլ մեզ հեռացրին կուսակցությունից՝ գործին տալով «հակականոնադրային պահվածք» եզրույթը, քանի որ այլ կերպ չէին կարող արդարացնել իրենց գործունեությունը: Մեր ահազանգերը մնացին օդում, իսկ այսօր մեր հեռացումով «ինքնամաքրվող» դաշնակցականներից շատերը իրենք են սկսել ընդունել, որ Քոչարյանի հետ աշխատելը ՀՅԴ-ին միայն վնասում է: «Հայաստան» դաշինքն ավերում է ՀՅԴ-ն: Ավերում է ոչ միայն քաղաքականապես, այլև գաղափարականորեն: ՀՅԴ անդամները դեռևս չեն պատասխանել իրենց քաղաքական կոալիցիայի ղեկավարի հայտարարություններին, որով նա Հայաստանի համար ճիշտ էր համարում Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու հեռանկարը: Ո՞ւր է ՀՅԴ-ի «Միացյալ ու Անկախ Հայաստանը»: Կուսակցության անդամներն իրենք էլ շատ լավ տեսնում են, որ իրենց հայրենասիրական, ազգային գաղափարները մնացել են միայն տասնյակ տարիներ առաջ գրված հայտարարությունների վրա, մինչդեռ բուն գործունությունը ՀՅԴ-ն հեռացրել է ինքն իրենից: Այս ամենը ամուր հիմք է տալիս ցավով եզրակացնելու, որ «անգամ սատանայի հետ դաշինք կապելու» ցանկությունը, որով ՀՅԴ-ն ցանկանում է «փրկել հայրենիքը», միայն հասցրել է նրան, որ մի քանի դաշնակցականներ կրկին կարողացան ԱԺ մուտք գործել և պատգամավորի մանդատ ստանալ: Այսօր ՀՅԴ-ի ղեկավարությունը կրկին հայտարարում է, որ իրենք ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ չեն սխալվել: Ու չեն ցանկանում խոսել ո՛չ 2019թ. ՆԱՈՒՄ վարչության և մի քանի տասնյակ անդամների հեռացման ու դիմումներ գրելու մասին, ո՛չ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ-ի հետ ունեցած երկպառակության, ԱՄՆ դատարաններում դատը տանուլ տալու, բազմաթիվ դաշնակցականների ներքին անհամաձայնության և պայքարի մասին: Որովհետև այդ մարդիկ եթե ընդունեն, որ իրենք սխալվել են, ուրեմն նաև պատասխանատվություն պիտի կրեն կուսակցության ճահճացման գործողությունների վերաբերյալ: Մինչդեռ ոչ ոք երբևէ չի տեսել, որ որևէ ՀՅԴ ղեկավար անձ ընդունի, որ ինքը երբևէ սխալվել է, վրիպել է: Նրանք միայն խոսում են և հավաստիացնում, որ իրենք միշտ և ամենուր ճիշտ են: Մի՞թե հնարավոր է նման անսխալականություն պարտադրել: Հենց այդ «միշտ ճիշտ լինելու» հետևանքով այսօր ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովում քննարկվող հարցերից է նաև կուսակցության վիճակը, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՅԴ այս ժողովն ի վիճակի կլինի ինչ որ ռեալ բան փոխելու, թե պարզապես կմնա օրացուցային նշում, որի առջև վաղը երեկոյան կգրեն «կատարված է»: Ի վերջո ինչի՞ համար է նախատեսված Ընդհանուր Ժողովը: Ե՛վ որպես կազմակերպական երևույթ, և՛ որպես գաղափարական: Այն նախատեսված չէ Բյուրոյի ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների սրբացման ու սրբադասման համար: Այդ ժողովը պիտի սթափեցնի, միավորի, առողջացնի: Ու մենք ողջ սրտով կցանկանայինք, որ վաղն այդ ժողովն ավարտվեր միասնական կամքի ու վճռական սթափության գիտակցումով ու ձևավորումով: Որ ինչ որ բան փոխվի ՀՅԴ-ում: Բայց դա տեղի չի ունենա, որովհետև այս ժողովում ՀՅԴ հայաստանյան մարմինն արհեստականորեն բարձրացնում է իր անդամների քանակը, ժողովի մասնակիցների մեծամասնությունը հենց ՀՅԴ Հայաստանի կառույցի անդամներն են, և դա էլ իսկ բավական է որ ժողովը չարտացոլի իրական պատկերն ու էությունը և դառնա անարդար որոշումներ արձանագրող: Որովհետև մենք ինքներս շատ լավ տեղյակ ենք, որ բազմաթիվ դաշնակցականներ, որ մեզ ամենասուր քննադատության են ենթարկել «հակականոնադրային» պայքարի համար, այսօր իրենք են կամ հեռացվել, կամ գրեթե մեկուսացման մեջ են: Նրանցից շատերեն են հաստատել, որ ընդունում են մեր պայքարի ճշմարտացիությունը, բայց և չեն կարողանում ընտրել, թե ինչպես արտահայտեն իրենց բողոքն ու անհամաձայնությունը տեղի ունեցողի վերաբերյալ: