Շարունակելով ագրեսիվ պատերազմ վարելու իր հանցավոր մտադրությունները ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ներխուժել և անօրինական տեղակայվել են ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում:
Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ուղեկցվում է պարբերական հանցագործություններով, վերջինս կրակում է բնակավայրերի ուղղությամբ, ինչն էլ իրական վտանգ է բնակիչների կյանքի և առողջության համար, այս ամենի արդյունքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը: Ադրբեջանական զինուժը ազգային ատելության շարժառիթով, հրետանային միջոցների կիրառմամբ, նոյեմբերի 16-ին սկսել է ինտենսիվ հրթիռակոծել և հրետակոծել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից կանխամտածված ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ռազմական գերազանցության հասնելու նպատակով իրացվում են հանցավոր մտադրություններ,որոնք ուղղված են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը:
Ձեռք բերված փաստական տվյալները վկայում են ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների, կանխամտածված և նպատակաուղղված լինելու մասին, որոնք իրականացվում են ազգային ատելության շարժառիթով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով հաստատված՝ ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը: Ժամեր տևած փոխրաձգության արդյունքում հայկական կողմը զոհեր, տասնյակ վիրավորներ ու գերիներ ունի: Հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետությունը դիմեց ՌԴ-ին միջնորության խնդրանքով: ժամեր անց ՌԴ միջնորդությամբ դադարեց փոխհրաձգությունը, ի՞նչ զիջումների դիմաց և որքան ժամանակով հաստատվեց հրադադար բոլորիս է հետաքրքիր, թերևս եղավ այն ինչ 44-օրյա պատերազմի ընթացքում, առնվազն ծիծաղելի է հետևել թե ՌԴ-ն ինչպես է «կատարում» իր դաշնակցային` երկկողմանի և բազմակողմ պարտավորությունները: Վերոնշյալ փաստերի առկայությունից կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի նպատակը կայծակնային գրոհով մի քանի դիրք գրավելն ու առաջանալն էր , հետո հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ զիջումներ պարտադրելը, թե որքանով ստացվեց սա Ադրբեջանի մոտ մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի :
Այսօր միջազգային հանրության ուշադրության կենտորոնում հայտնվելը մեր առաջնային խնդիրը պետք է լինի: Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը պետք է դրվի միջազգային կառույցների առաջ, և նման պայմաններում անհրաժեշտ է բացառել զինվորի հաշվին քաղաքական դիվիդենտ շահողների ներկայությունը: Մենք փորձառու ենք վերոհիշյալ մարդկանց լսելու գործում, և դեռ մեկ օրվա ընթացքում չեն հնչել առաջարկներ, որոնք բխում են պետության ու ազգի շահերից: Իսկ քանի դեռ պետության գոյությունը վտանգված է, մեր միասնականությունը ազգի գերխնդիրը պետք է լինի, այլապես դաշնակից ՌԴ-ն և միջազգային կառույցները ոչինչ անել չեն կարող: Սա նոր պատերազմի սկիզբ է, և մենք իրավունք չունենք հավատալու հրադադարին: Պատերազմը չի ավարտվել, ռազմական նոր հարձակումները սարերի հետևում չեն: Քանի դեռ հայրենիքը վտանգի մեջ է մենք քնելու իրավունք չունենք: Ազգի փրկությունը միասնականության մեջ է:
Նանե Սարիբեկյան