Ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել, որովհետև չի փոխվել մեր ազգային մտածելակերպը, ու մենք շարունակում ենք նույն ամբոխային ոգով: Ամենուր շարունակում է հետապնդող մնալ շահը:

Այն շահը, որ շարունակում է իշխել մեզ, բթացնել մեր զգացմուքներն ու խիղճը, լռեցնում է քաղաքացու սոցիալական խիղճն ու պետության նկատմամբ պատասխանատվության զգացումը: Իսկ դրա հետևանքը տեսել ենք միշտ, տեսնում ենք հենց հիմա:

Արդյո՞ք նրանք, ովքեր հայտնվում են պետության աթոռներին, գործում են հանուն պետության և ժողովրդի բարօրության, թե հանուն սեփական գրպանի պարունակության։

Հարցվածների պատասխանները ստանալու համար հարցերը հղենք ինքներս մեզ, թե ում ենք ընտրում, ինչու և հանուն ինչի: Սխալական շղթան սկսվում է մեզնից (ժողովրդից), որովհետև մենք հեշտությամբ կարող ենք մեր ձայնը վաճառել, բարեկամի, ծանոթի տեսանկյունից ձայն տալ իր իսկ գործառույթներից անտեղյակ որևէ մեկին, կամ պարզապես չգնալ ընտրության քվեաթերթիկը թողնելով բախտի քմահաճույքին։ Իսկ այդ ամենն անելով՝ մենք հաճախ չենք կարողանում հասկանալ դրա ողջ էությունն ու հետևանքը: Ամեն վաճառված ձայնը ևս մեկ սխալ է, ամեն «խաթրով ընտրելը»՝ հարված պետությանն ու օրենքին, ամեն գողություն՝ գողություն պետությունից, ժողովրդից: Ամեն մի սխալը իր հետևանքը թողնում է տասնապատիկ ավելի ծանր, ավելի աղետալի:

Երբ մենք հարցնում ենք ինքներս մեզ, թե ինչու, մենք պիտի շրջվենք ու հետ նայենք մեր երեկվա, մեկ ամիս առաջվա, մեկ տարի առաջվա կատարած արարքներին և բոլոր «ինչուները» միանգամից վերանում են, մենք ասում ենք՝ «ահա թե ինչու»: Եվ ի վերջո ունենալ այն, ինչ ունենք այսօր։

Թող «պետութունների» խնդիրը երկրի վրա դրախտ կառուցելը չլինի, այլ թույլ չտալ,որ այն վերածվի դժոխքի։

Մելսիդա Ավագյան